Aravot.am-ը օրերս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել էր, թե օպտիմալացված նախարարությունում ե՞րբ են հիմնավոր անդրադառնալու սպորտին: «Հիմա արդեն քննարկում ենք: Ես դեռ պետք է մոտավորապես հասկանամ, թե ի՞նչ ռեսուրսներ ունենք նախարարությունում: Առաջիկա երկու ամիսների ընթացքում կառուցվածքային նոր փոփոխություններ կլինեն, որպեսզի նախարարությունը ավելի արդյունավետ աշխատի: Հիմա վարչությունների մեխանիկական միացում է եղել: Վարչությունները ըստ էության բովանդակային չեն փոխվել: Այդ փոփոխությունները առաջիկա երկու ամիսներին կլինեն ըստ այն տրամաբանության, որով պատրաստվում ենք աշխատել»,-ասաց սուպերնախարարը:
Հարցին, թե հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման, մեղմ ասած, անմխիթար որակի բարեփոխման հետ կապված որեւէ ծրագիր կա՞, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ կոնկրետ չափորոշիչները փոխվում են եւ մենք հիմա կտրուկ որեւէ փոփոխություն չենք անելու մինչեւ այս տարի կմշակենք չափորոշիչները, առարկայական ծրագրերը: Եվ ըստ դրա արդեն կորոշենք, թե որ տարիներին որ առարկային որքան ժամ եւ ինչ ինտենսիվությամբ կհատկացնենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ