«Չեմ կարծոմ, որ երկու տոկոսանոց հարկային արտոնությունները էական փոփոխություն են մտցնելու: Դա չի նշանակում, որ նրանք ունենալու են վնասակար ազդեցություն, բայց իմ կարծիքով հարկային օրենսգրքով տրված թե՛ շահութահարկի, թե՛ եկամտահարկի արտոնությունները էական նեդրումների գեներացիա չեն անի, սա այլ խնդիր է և հիմնականում այլ խնդիրների հետ է կապված»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Այդ արտոնությունը, հիշեցնենք, սահմանվել է ԱԺ-ի կողմից վերջերս ընդունված Հարկային փոփոխությունների փաթեթով:
Հայաստանում ներդրումների ներգրավման մասով նախկին փոխվարչապետը նշեց, որ էական տարբերություններ ինստիտուցիոնալ ռեժիմների տեսակետից չկան. «Կա ավելի շատ հավատ, որ մրցակցությունը ավելի իրական է: Հավատից բացի՝ թվային ցուցանիշներով չափել չեմ կարող, սակայն դա չի նշանակում, որ չկա»:
Նվազագույն աշխատավարձի` 13 հազար դրամով բարձրացման մասին հարցին էլ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես կարող եմ դիտարկել միջին ժամկետ ծախսերի կտրվածքով, քանի որ գնահատականը, որը տրված է ուղեկցող փաստաթղթում, տասնյակ միլիարդների է հասնում. իմ հաշվարկների նվազագույնով շուրջ 55-60 միլիարդ է պետք այդ գումարը բարձրացնելու համար: Որտե՞ղ է այդ գումարը, ես դեռ չեմ կարող ասել: Նախագծի հեղինակներն ասում են, որ իրականում ծախսը լինելու է վեց միլիարդ, բայց եղած փաթեթում ես չեմ կարող վեց միլիարդը տեսնել, ես տեսնում եմ տասն անգամ ավելին: Բայց դեռ նշում են, որ աշխատանքը ընթանում է, Ազգային ժողովում քննարկվելու է: Երբ վերջնական հաշվարկները տեսնեմ, կարող եմ ասել: Իմ կարծիքով տեմպը չափից բարձր է արագանալու, բայց կրկին հաշվարկներ են, որոնք կանեմ կներկայացնեմ»:
Նախկին փոխվարչապետը տնտեսության դրական տրամադրվածություն, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի շրջանակներում, տեսնում է, բայց խոշոր բիզնեսի մոտ էական շարժ չի տեսնում. «Տնտեսական աճ կա, աճի թվերը իմ կարծիքով որոշակի վերանայման կարիք ունեն` ելնելով ստվերային տնտեսության հաշվարկից, վերանայումը մեթոդաբանության խնդիր է: Այս առումով ես որոշակի ոգևորության հետ միասին էական կառուցվածքային բարեփոխումներ, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, չեմ տեսնում, բայց միևնույն ժամանակ սպասել, որ մեկ տարում էական բարեփոխումներ պետք է լինեն, էլի իրատեսական չէր»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ քանիցս խոսակցություններ եղան, որ կառավարությունում իրեն տարբեր պաշտոններ են առաջարկվել, ինչո՞ւ չի համաձայնվել համագործակցել ներկայիս կառավարիչների հետ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես համագործակցում եմ կառավարության հետ հնարավորություններիս չափով»: Հստակեցնող հարցին` պաշտոնի առաջարկ ստացե՞լ է,պատասխանեց. «Շնորհակալություն, դուք գիտեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ