Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կայֆաջյան. Շահաբաժնի հարկի ավելացում է պետք` ի հաշիվ շահութահարկի նվազեցման

Հուլիս 02,2019 21:18

«Արմենբրոկ»-ի գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանն առաջարկում է Հայաստանում նվազեցնել շահութահարկը, փոխարենը սահմանել շահաբաժնի հարկ: Այդ մասին Արամ Կայֆաջյանն ասաց այսօր, «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած «Հարկային փոփոխությունների ազդեցությունը առաջանցիկ տեմպերով ներդրումների ավելացման վրա» թեմայով քննարկման ժամանակ` «Շահաբաժինների հարկում, շահութահարկը՝ ներդրողների աչքերով» թեմայի շրջանակում: Բանախոսի կարծիքով՝ հարկերը եւ հարկման միջավայրը ներդրողների համար կարեւոր են, բայց առաջնային չեն. «Շահութահարկը, եթե լինի 50 տոկոս, շատ բիզնեսմեններ ոչ թե կվազեն, այլ ընդհակառակը, շատ ձեռնարկություններ կփակվեն, բայց 20 տոկոսից տեղափոխումը 18-ի էական բան չի փոխելու»:

Այս փոփոխությունը նախատեսվում է Հարկային փոփոխությունների փաթեթով, որն օրերս խորհրդարանն ընդունեց: «Մենք նախատեսում ենք շահութահարկ եւ շահաբաժնի հարկ, որը ներկայումս 25 տոկոս է, ապագայում կազմի 23 տոկոս»: Շահաբաժնի հարկը համեմատաբար նոր հարկ է, երկու տարի է կիրառվում է, ռեզիդենտների համար այլ է, ավելի նվազ: Նա հիշեցնում է, որ այս մասով խնդիր առաջացավ, երբ կոնյակի գործարանը գնահատվեց 2 միլիոն դոլար, մինչդեռ տասնապատիկ արժեքն ուներ իրականում: Ասում է`մնչեւ հիմա արձագանքները ստանում են, բացասական իմաստով:

«Նախընտրելի է  18+5 տոկոս շահութահարկ-շահաբաժնի հարկ բանաձեւի փոխարեն լիներ 10+15. շահաբաժնի հարկն ավելանար, քանի որ վերջինս տասը տարի չի վճարվելու, իսկ այդ միջոցները կմնան ընկերությունում, կուղղվեն արտադրության զարգացմանը»,- ասում է Արամ Կայֆաջյանը: Էստոնիան եւ Վրաստանն այդ ուղղությամբ են գնացել: Նա կարծում է, ԵԱՏՄ երկրներին դա կխթանի, որ Հայաստանում ներդրումներ անեն:

Քննարկմանը ներկա նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը դեմ չէ, բայց հարկային վարչարարության խնդիր է տեսնում. կլինե՞ն կոռուպցիոն ռիսկեր, որքա՞ն կլինեն: Վաչե Գաբրիելյանը հիշեցնում է, որ ժամանակին Հրանտ Բագրատյանն էլ քանիցս այդ հարցը բարձրացրել է, բայց քննարկումներում կրկին հանգել են հարկային վարչարարության խնդրին: «Եթե դա անում ենք, մարդիկ սկսում են խնայել եւ հարկային եկամուտները նվազում են, նաեւ հարցի այս մասը պետք է նայենք, հասկանանք, որքա՞ն ենք պատրաստ նվազեցնել: Ժամանակին քննարկում էինք այդ տարբերակը, բայց որոշվեց եկամտահարկի նվազեցման ուղղությամբ գնալ: Բայց տարբերակներ են, որ պետք է հասկանալ, թե ո՞րն է ավելի քիչ գլխացավանք առաջացնում տնտեսավարող սուբյեկտերի համար»,- ասաց նա, հավելելով, որ որպես կանոն, շահաբաժնի հարկի ավելացումը ՀՆԱ-ի աճի էլ չի բերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Կայֆաջյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031