Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյան. Տնտեսության կառուցվածքում էական փոփոխություններ չկան

Հուլիս 02,2019 20:55

Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանի կարծիքով` այսօր Հայաստանում ներդրողների տեսանկյունից խնդիր կա, քանի որ վերջիններս ցանկանում են տեսնել բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, որտեղ կարողանան ներդրում անել: «Մյուս կողմից, մենք ունենք ընկերություններ, որոնք ցուցակվել չեն ուզում, քանի որ ավելի թափանցիկ պետք է դառնան, կորպորատիվ կառավարման տեսանկյունից էլ վտանգ են տեսնում»,- այսօր «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած «Հարկային փոփոխությունների ազդեցությունը առաջանցիկ տեմպերով ներդրումների ավելացման վրա» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Կոնստանտին Սարոյանը, հավելելով`որպեսզի խրախուսենք ընկերություններին, որ ցուցակվեն, մենք առաջարկում ենք սահմանել որոշակի հարկային արտոնություններ: Նա հիշեցնում է, որ 2008-ին նմանատիպ արտոնություն արդեն կար. 50 տոկոսով նվազում էր այն ընկերությունների շահութահարկը, որոնք բորսայում կցուցակվեին եւ որոնց ազատ պարտատոմսերի ծավալը 10 տոկոս կլիներ: Բայց դա այնքան էլ լավ չաշխատեց:

Արդյոք այդ հարցը միությունում քննարկվե՞լ է, ո՞րն է տնտեսվարողների մոտեցումը` հարցադրումը բանախոսն ուղղեց Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ Ահարոն Չիլինգարյանին: Վերջինս նկատեց`Հայաստանում վստահության պակաս կա, իրար հետ աշխատելու պակաս կա՝ այդ թվում ներդրողների մեջ: Նա կարծում է, որ այս փուլում ավելի արդյունավետ է ուժերը կենտրոնացնել ներքին ներդրումների վրա, քան խոշոր, տրանսազգային ներդումների:

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն էլ կարծում է, որ միայն հարկային արտոնությունները չեն կարող խնդիր լուծել: Վստահության խնդիրը լուծելու համար, նա կարծում է, որ գուցե որոշ ընկերություններում պետական մասնակցություն է պետք ապահովել: Բայց հարցի լուծումը նա ավելի լայն դաշտում է տեսնում` թափանցիկ օրենքների դաշտ, դատարաններ, ներդրողներ, իրավագիտակցության հարց եւ այլն:

Քննակմանը ներկա նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ չի կարծում, որ այժմ տնտեսության կառուցվածքում կամ ընկերությունների քանակում բան է փոխվել: Առհասարակ, նա գտնում է, որ ցանկացած հարկային արտոնության պետք է մոտենալ այն տրամաբանությամբ, որ դա ժամանակավոր է, եթե այն էական, կառուցվածքային խնդիրների չի վերաբերում:

Ընկերությունների ցուցակվելու մասով Ավետիք Չալաբյանը բերել էր «Ամերիա» բանկի օրինակը, որի սեփականատերերը այլ երկրներում ունեն ցուցակված ընկերություններ, բայց Հայաստանում չեն ցանկանում այդ ճանապարհով գնալ, քանի որ այս իրավիճակում եւ այս պայմաններում դա ձեռնտու չէ: Նա նաեւ Վրաստանի օրինակն էր բերել, ինչի հետ Վաչե Գաբրիելյանը նույնպես չհամաձայնեց`պատճառաբանելով, որ մասշտաբների խնդիր կա: «Բորսայի հեռանկարով կարող ենք ապրել, բայց մեր չափի երկրներում, եթե բորսան շաբաթը երկու անգամ առեւտուր է անում, ուրախությունից կարող են պարել»,- կարծում է Վաչե Գաբրիելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031