Հայաստանը չի ցանկանում վճարել ռուսական գազի համար այնքան, որքան նրան առաջարկում է «Գազպրոմը»: Եվ արդեն սկսում է տուգանքներով ճնշում գործադրել Հայաստանում ընկերության «դստեր» վրա: Փորձագետները զգուշացնում են, որ չարժե սպասել գազի գնի իջեցման: Ավելի էժան էլ չի լինի: Իրավիճակը կարող է լուծվել Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարվելիք այցի ժամանակ, gazeta.ru-ում գրում է վերլուծաբան Ռուստամ Ֆալյախովը:
Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել այն բանին, որ Մոսկվան իջեցնի բնական գազի գինը: Բանակցություններն առաջին ամիսը չէ, որ ընթանում են, և բոլոր վերջնաժամկետներն արդեն անցել են: Բայց համաձայնության այդպես էլ չեն հասել: Հուլիսի 1-ից Ռուսաստանում գազի գնի ինդեքսացիան նոր առիթ է պաշտոնական Երևանի համար վերադառնալու հնացած խնդրին:
Հիշեցնենք, Ռուսաստանը 2019թ. հունվարի 1-ից արդեն բարձրացրել է Հայաստանի համար գազի գինը՝ 150 դոլարից հասցնելով 165 դոլարի: Դա սահմանին գազի գինն է, իսկ ներքին սակագինը բնակչության համար մնացել է նույնը:
Սակագինը չի բարձրացել շնորհիվ այն բանի, որ երկիր գազի հիմնական մակատարար «Գազպրոմ Արմենիան» (որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «Գազպրոմին») առայժմ խնայում է իր հաշվին: Ընկերությունը պատրաստվում է օպտիմիզացնել ներքին ծախսերը՝ 13 մասնաճյուղերում մոտ 6000-անոց անձնակազմի կրճատման հաշվին և կրճատել ներդրումային ծրագրերը:
Կարդացեք նաև
Օպտիմիզացման ծավալները չեն բաձրաձայնվում, բայց խոսքը 500-1000 աշխատակիցների կրճատման մասին է:
Ընդ որում, այնուամենայնիվ, չի բացառվում այն տարբերակը, որ «Գազպրոմ Արմենիան» կարող է բավարար միջոցներ չգտնել ծախսերի օպտիմիզացման հաշվին և արդեն այս տարի բնակչության համար գազի սակագնի ներքին բարձրացման հայտ ներկայացնել:
Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Գարեգին Բաղրամյանը: Ըստ օրենքի՝ «Գազպրոմ Արմենիան» նման լիազորություններ ունի, խոստովանել էր նա:
Տեսականորեն գազի գինը չբարձրացնել հնարավոր կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները սուբսիդավորեին բնական գազի գները ներքին սպառողի համար: Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարեսկզբին հրաժարվել է դա անել:
Սակագինը պահելու համար նա այլ լուծումներ է տեսնում: Փաստացի՝ ռուսական «Գազպրոմի» հաշվին:
«Առայժմ խոսքն այն մասին է, որ 2019թ. գազի գինը սպառողների համար չի բարձրանա: Մենք ունենք մեկ տարի՝ Ռուսաստանի գործընկերների, «Գազպրոմի» և ԵԱՏՄ-ի հետ խորհրդակցությունները շարունակելու համար՝ երկարաժամկետ հեռանկարում հարցը լուծելու համար»,- ասել էր Փաշինյանը:
Հայաստանի կառավարությունում gazeta.ru-ի աղբյուրը պարզաբանել է՝ ինչ է նկատի ունեցել վարչապետ Փաշինյանը, երբ հիշատակել է Եվրասիական տնտեսական միությունը՝ գազի խնդրի լուծման գործում:
Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են և գտնվում են միևնույն տնտեսական տարածությունում, ապա անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ և՛ ռուսական, և՛ հայկական բիզնեսի համար, կարծում են Երևանում: Այժմ դա խնդրահարույց է, քանի որ Հայաստանի արդյունաբերական սպառողների համար մեկ խորանարդ մետրի գինը ավելի բարձր է, քան Ռուսաստանում:
«Դա բացասաբար է անդրադառնում արտադրանքի ինքնարժեքի վրա: Դա առաջ է բերում անառողջ մրցակցություն Եվրասիական միությունում»,- ասել է աղբյուրը: Այսինքն, Հայաստանում կարծում են, որ ԵԱՏՄ տարածքում գները պետք է հավասարեցնել, ոչ թե բարձրացնել:
Էներգակիրների ոչ խտրական գները շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միության բիզնեսի զարգացման վրա:
Քանի որ Մոսկվան առայժմ ոչ մի խոստում չի տալիս, համենայնդեպս հրապարակավ այդ մասին հստակ ոչինչ չի ասվել, Հայաստանի իշխանություններն անցել են հակահարձակման, գրում է հոդվածագիրը: Հունիսին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանեցին 10 մլն դրամով: Նման որոշում կայացվեց ՀԾԿՀ նիստում: Հանձնաժողովը նշեց, որ մի շարք դեպքերում ռուսական մատակարարը չի հետևել տեղի ընկերությունները և բնակելի տները գազի ցանցին միացնելու պայմաններին:
«Գազպրոմ Արմենիա»-ում նեղացան այդ ճնշումից և ի պատասխան հայտարարեցին, որ որևէ անօրինական գործունեություն չեն ձեռնարկել և համաձայն չեն տուգանքի հետ:
Տուգանքի չափը, իհարկե, աննշան է, բայց դա ազդակ է՝ ուղղված «Գազպրոմին» և Կրեմլին:
Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները՝ հասկանալի չէ:
Gazeta.ru-ն հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիային»՝ երկու երկրների միջև գազի գնի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Պատասխանը եղել է հետևյալը. «Գազի գնի շուրջ բազմակողմանի բանակցությունները, որոնք ընթանում են արդեն տևական ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, գտնվում են եզրափակիչ փուլում»:
Ընկերությունը խոստացել է բանակցությունների ավարտին համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Բայց արագ լուծման պետք չէ սպասել: Բանակցությունների առաջին արդյունքները կերևան թերևս ոչ շուտ, քան հոկտեմբերին: Այդ ժամանակ ակնկալվում է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Պուտինի հետ Պետերբուրգի տնտեսական ֆորումում: Հանդիպման ավարտին նա հայտնել էր, որ հույս ունի ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ:
Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ իջեցնել գազի գինը:
«Հայաստանն արդեն գազ ստանում է միանգամայն մրցակցային՝ շուկայականից ցածր գնով: Դրանից էժան գազ ստանում է միայն Բելառուսը: Այնպես որ ավելի ցածրի տեղ չկա»,- ասում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:
Վրաստանը, օրինակ, ադրբեջանական գազը գնում է 200-215 դոլարով, Թուրքիան՝ 290, Իրանը Թուրքիային գազ է վաճառում 300-400 դոլարով:
Մյուս կողմից, գազի գինը միշտ ունենում է ոչ միայն ֆինանսական բաղադրիչ, այն միշտ մեծ քաղաքականության հարց է: Ռուսաստանի համար շահավետ է ունենալ ազդեցության գործիք անգամ քիչ թե շատ լոյալ հարևանների վրա, ինչպիսին Հայաստանն է և նույն Բելառուսը, նշում են փորձագետները:
Հայաստանի նոր առաջնորդ Փաշինյանը բարեկամություն է անում Ռուսաստանի հետ: Բայց շարժվել բացառապես Կրեմլի ուղեգծով պատրաստ չէ՝ կարծում է Սիմոնովը:
Երկու երկրների միջև լարվածության պատճառները հիմքեր ունեն, կարծում է Քաղտեխնոլոգիական կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Մակարկինը:
Օրինակ, Մոսկվային կտրականապես դուր չի գալիս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ներկայիս իշխանությունները նրան մեղադրում են իշխանության բռնազավթման մեջ: Ընդ որում, համարվում է, որ հենց Քոչարյանի նախագահության տարիներին (1998-2008) է սահմանվել Հայաստանի ռուսամետ քաղաքական ուղղվածությունը:
«Ռուսաստանն էլ ազդեցության լծակներ ունի Հայաստանի գործող իշխանությունների վրա: Եվ դա ոչ միայն գազն է, այլև Ղարաբաղի հարցում անվտանգության երաշխիքները»,- ասում է Մակարկինը՝ ենթադրելով, որ Հայաստանը քիչ շանսեր ունի արտոնություններ ստանալու գազի գնի հարցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ