Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ:
Կալիֆորնիայի սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը և մարտահրավերները, ինչպես նաև դրանց խախտումների ու սահմանափակումների ներքին ու արտաքին հիմնական պատճառները: Սենատոր Փորթանթինոն պատրաստակամություն է հայտնել աջակցել առկա որոշ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
Լոս Անջելեսում գործող երեք առաջատար համալսարանների՝ մարդու իրավունքներով և հայկական ուսումնասիրություններով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են շարունակական համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր տիպի կրթական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև Արցախի գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների:
Արցախի օմբուդսմենի աշխատակազմ