Հուլիսի 3-ից մեկնարկում է Ուրուգվայական ֆիլմերի ցուցադրությունը` Հ. Մալյանի անվան թատրոնում: Ցուցադրությունը Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության եւ մշակույթի նախարարության ու Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո է, անցկացվում է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, որն էլ տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի եւ Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջեւ մշակութային փոխանակում՝ Երեւանում կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն:
«Սա արդեն 10-րդ ուրուգվայական ֆիլմերի փառատոնն է, աշխարհում Երեւանից բացի չկա որեւէ այլ քաղաք, որ ամեն տարի ցուցադրում է ուրուգվայական կինո»,-ընդգծեց Ջեք Պողոսյանը:
Ուրուգվայական ֆիլմերի ցուցադրության մեկնարկը կտրվի Էմիլիանո Մազզայի «Կյանքը նավակի վրա» ֆիլմով: Ներկայացնելով բոլոր ֆիլմերը` Ջեք Պողոսյանը հատկապես առանձնացրեց Էնրիկե Բուկիկիոյի «Գազարը», որը Ուրուգվայի ռազմական դիկտատուրայի մասին է, հիմքում էլ իրական փաստեր են:
Փառատոնի ծրագրում նաեւ Գերման Տեխեյրայի «Մի գիշեր, առանց լուսնի» ֆիլմն է, որը կատակերգություն է այն մասին, թե ինչպես են տարեվերջյան գիշերը 3 միայնակներ գալիս մի փոքրիկ ուրուգվայական գյուղ, որտեղ նրանց հնարավորություն է ընձեռնվում փոխել իրենց ճակատագիրը։
Կարդացեք նաև
«Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության եւ մշակույթի նախարար Լիլյամ Քեշիշյանը շատ է աջակցում գեղեցիկ ձեռնարկներ իրականացնելիս, ընդ որում դրանք չեն վերաբերվում միայն զբոսաշրջությանը»,-ասաց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ