Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի գյուղերում գիշերը  ցրտահարություն է եղել

Հուլիս 02,2019 18:34

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի մի քանի գյուղերում այս գիշեր բերքը ցրտահարվել է: Այս մարզի Վրաստանին սահմանակից Բավրա համայնքի բնակիչ Կորյուն Սումբուլյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը ջերմաստիճանը 0 է եղել: Նա ասաց, որ չէին սպասում այսպիսի ջերմաստիճանի, Հիդրոմետ ծառայությունից տեղեկացրել էին, որ ջերմաստիճանը նվազելու է, բայց ոչ այդքան, 4 աստիճան էին կանխատեսել:

Կորյուն Սումբուլյանն ասաց, որ իր ցանած 3 հեկտար հնդկացորենն ամբողջությամբ ցրտահարվել է, մյուս գյուղացիների էլ կարտոֆիլն է վնասվել:

Ցրտահարվել են նաեւ Շիրակի մարզի Սարագյուղ, Թավշուտ, Սիզավետ, Ղազանչի, Թորոս, Սարապատ համայնքների մշակաբույսերը՝ հիմնականում կարտոֆիլ եւ հնդկացորեն:

Սումբուլյանն ասաց, որ մինչ այս ցրտահարումն էլ կարկուտն էր ահագին վնաս հասցրել, ու փոխհատուցման մասին պաշտոնյաները չեն խոսում. «Մեր գյուղին երբեք աղետներից փոխհատուցում չի եղել։  Նախանցած տարի էլ 20 հեկտար իմ հնդկացորենը հեղեղը տարավ, էլի ոչ մի փոխհատուցում։ Չգիտեմ՝ ինչու չեն փոխհատուցում: Մենք այս երկրի քաղաքացիներ ենք միայն ընտրության ժամանակ»:

Ֆերմերն ասաց՝ եթե զգուշացնեին, որ գիշերը ջերմաստիճանը 0-ին մոտ է լինելու, գոնե ծխահարելու միջոցով ցրտից կպաշտպանեին ցանքատարածքները. «Բավրան կարծես Հայաստանի մեջ չէ, երբ հայտարարում են եղանակի մասին, ոչ մի տվյալ չի համապատասխանում, մենք ոնց որ լրիվ այլ գոտում լինենք»:

Գյուղացիներին փոխհատուցելու հնարավորության մասին փորձեցինք պարզաբանում խնդրել համայնքապետից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսահամարն անհասանելի էր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Կորյուն Սումբուլյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031