Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօրվա որոշմամբ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի առնչությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը եզրակացություն է տալու առողջության վատթարացման վերաբերյալ մի շարք հարցերի առնչությամբ: Միջնորդությունը ներկայացրել էր մեղադրող կողմը:
Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջության խնդրով զբաղվող երկու արտասահմանցի հեղինակավոր բժիշկներ եւս եզրակացություններ պետք է տան, իսկ նրանց ներկայությունը կապահովեն այնպես, ինչպես հարմար կգտնի միջգերատեսչական հանձնաժողովը: Լեւոն Բաղդասարյանը շեշտեց, որ հանձնաժողովի ստեղծումը կարող է ամիսներ տեւել, մինչդեռ իրենք ավելի վաղ դատարանին ներկայացրել էին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին անհրաժեշտ փաստաթղթեր ԲԿ-ներից. «Այդ հիմքով անձին կալանքի տակ պահելն իրավաչափ չէ: Դիմելու ենք ՄԻԵԴ՝ ապօրինի կալանքի եւ խոշտանգման փաստի հետ կապված»:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:
Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունն այսօր մերժվեց:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ