ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Սամվել Ասլանյանը: Նա դատարանին հայտնեց, որ եղել է Ալեքսանդր Սարգսյանի հարեւանը:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի հրազեն ձեռք բերելու-պահելու համար: Ըստ քրեական գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2007թ.-ին՝ Սարգսյանների տան նկուղում: 11 տարի անց Դավիթ Սիմոնյանն իրավապահներին հայտնել է, որ իրեն իրականում փորձել են սպանել (գործը կարճվել էր, որովհետեւ դեպքի վայրում եղած Արթուր Ղեւոնդյանն ասել էր, թե անզգուշաբար կրակել է Սիմոնյանի վրա), եւ դա եղել է Հայկ Սարգսյանը:
Վկան պատմեց, որ միջադեպի վերաբերյալ իր հարեւան Ալեքսանդր Սարգսյանն իրեն ոչինչ չի ասել, Հայկ Սարգսյանի կողմից Դավիթ Սիմոնյանի վրա կրակելու վերաբերյալ տեղեկություններ չունի: Այս գործով մեղադրող-դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, քանի որ հակասություն կա: Դատախազը նշեց՝ նախաքննական ցուցմունքներում Սամվել Ասլանյանն ասել է՝ Ալեքսանդր Սարգսյանն իրեն ասել է, որ Դավիթ Սիմոնյանին կրակել է Հայկ Սարգսյանը, իսկ նախաքննության ընթացքում ասել է, թե տեղեկություններ չունի:
Հակասությունը Սամվել Ասլանյանը բացատրեց նրանով, որ լավ չի հիշում, գուցե շփոթել է. «Հիմա էլ լավ չեմ հիշում, մեծ մարդ եմ, նոր եմ սրտի վիրահատության ենթարկվել»:
Կարդացեք նաև
Այս գործով հաջորդ դատական նիստն օգոստոսին է:
https://www.facebook.com/aravot.am/videos/321455932125457/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ