Ինչպես տեղեկացրել էինք, Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ բողոքը: Դատավորը գնացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն (լուսանկարում) ասաց, որ դատարանը մերժեց բողոքը. «Մեծ ակնկալիք չկար, համարյա ակնկալիք չկար, բայց ենթադրում էի, որ պիտի որ անկախ ամեն ինչից, գոնե այդքան ներկայացրած հիմնավորումների, փաստերի, ապացույցների պարագայում պետք է որ քննարկման առարկա դարձներ, էլի, ողջամտության մեջ: Իրավական դաշտի մեջ պիտի գոնե այդ բոլորը քննարկման առարկա դարձներ: Բայց 5 րոպե մտավ խորհրդակցական սենյակ, դուրս եկավ, 10 րոպե հետո եկավ, ասում է՝ մերժվում է բողոքը: Դատարանը երբ ինձ կտրամադրի որոշումը, կծանոթանամ, դրանից հետո կկարողանամ կարծիք կազմել, դեռ որոշումը չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ