ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղում անդրադառնալով Ռազմիկ Ամյանի` Սերժ Սարգսյանի մասին աղմուկ հանած երգին, ասաց, որ մնում է նույն կարծիքին, որ կոչումների շնորհման կարգը պետք է վերանայվի: Նա չթաքցրեց, որ առիթը հենց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի երգն է:
«Ցանկացած առիթի դեպքում խնդիրները սրվում են եւ պետք է դրանք քննարկել»,-ասաց նախարարը: Միեւնույն ժամանակ հավելեց. «Որեւէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել, ես ընդամենը խոսել եմ կոչման շնորհման կարգի մասին, ես չեմ ասել կոչումները ետ վերցնենք»:
Հիշեցնենք, որ երբ Սերժ Սարգսյանի 65-ամյակի օրը հրապարակվեց Ռազմիկ Ամյանի` ՀՀ 3-րդ նախագահին նվիրված երգը, Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ