Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանի պաշտպանը կասկածում է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանն անաչառ կլինի

Հուլիս 02,2019 16:08

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանն այսօր շարունակվող դատական նիստում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին։

Իբրեւ ինքնաբացարկի հիմք, փաստաբանը ներկայացրեց այն, որ դատավորի ամուսինը՝ ավագ դատախազ Արիս Բարսեղյանը, այս գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հետ աշխատում է Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում։ Փաստաբանը գտնում է, որ այս հանգամանքը դատավորի անաչառ չլինելու մասով կասկած է հարուցում: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը չհամաձայնեց պաշտպանի հետ:

Դատարանը հեռացավ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Ի դեպ, նիստին մասնակցում է նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանը: Նա էլ դիմել էր Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը վերաբացելու բողոքով`նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով:

Հիշեցնենք, որ բողոքը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: Դատավորն այսպես էր մեկնաբանել իր որոշումը` ինքը քննել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար, քանի որ երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ Սիլվա Համբարձումյանը: Վերջինս երկու գործերով էլ հանդիսանում է կաշառատու:

Հիշեցնենք նաեւ, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն էր, որը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթն ուղարկել Սահմանադրական դատարան։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Արամ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այժմ նա հետախուզման մեջ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031