Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին մասնակցեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Մինչ դիպլոմների հանձնումը վարչապետը նաեւ ծառ տնկեց համալսարանի այգում:
Մանրամասն` տեսանյութում
Համալսարանը Երեւանում գործում է 2015-ից: Այս տարի համալսարանի առաջին շրջանավարտներն ավարտեցին: Նրանցից շատերն ասացին, որ կմնան եւ կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում:
Կարդացեք նաև
Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին ասաց, որ այլ բան է, երբ ռեկտորն է հանձնում դիպլոմներ, այլ է, երբ երկրի վարչապետի ձեռքից են շրջանավարտները ստանում:
Մանրամասն` տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման համալսարանի գոյությունը Հայաստանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ. «Մենք համոզված ենք, որ ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր խնդիրները ունեն լուծման մեկ բանալի եւ այդ բանալին գիտելիքն է»:
Մանրամասն` տեսանյութում
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարությանը Երեւանում նման համալսարանի բացման աջակցության համար: «Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ ՀՀ քաղաքացիները որպես ռազմավարական տեսլական պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այս շարքում ռուսերենն ունի կարեւոր եւ առանձնահատուկ նշանակություն»,-ասաց վարչապետը:
Հավելեց նաեւ, որ համալսարանը Հայաստանում ռուսերենի զարգացման եւ ընդլայնման նոր հարթակ է դառնում:
Մանրամասն` տեսանյութում
Դիպլոմների հանձնումից հետո Փաշինյանը լուսանկարվեց շրջանավարտների հետ եւ հորդորեց, որ նկարվելիս ժպտան:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանում գործող Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի միջոցառման լեզուն ռուսերենն էր, եւ չկար հայերեն թարգմանություն: Միակ հայերեն ելույթը վարչապետինն էր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ