Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:
Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։
ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման օրվա կապակցությամբ: Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է:
Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար: Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:
Կարդացեք նաև
Սիրելի շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, անշուշտ ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա: Ես ուզում եմ ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում: Եվ համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծանոթ է մեր հայտնի կարգախոսին և այսօր առավել ևս դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, որ այդ մեկ մարդը ձեզնից յուրաքանչյուրն է: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության մեջ, որովհետև ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, ձեր հաջողությունը հայ ժողովրդի հաջողությունն է և, հիմա առավել ևս՝ ձեր հաջողությունը Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունն է, որովհետև պիտի մեծացնի նրա հեղինակությունը, պիտի բարձրացնի նրա առանց այն էլ բարձր անունը»:
Այնուհետև տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Համալսարանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաև ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
2015 թվականին Երևանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13-ը՝ կարմիր դիպլոմով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ