Այսօր Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում բացվեց առաջին սմարթ կանգառը: Ներդրողը հեղափոխությունից հետո Հայաստան տեղափոխված 30-ամյա գյումրեցի Նորայր Դավթյանն է, որը 2 տարեկանից, 28 տարի շարունակ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում:
Aravot.am-ի հարցին՝ թավշյա հեղափոխությունից հետո եք որոշե՞լ հայրենիք տեղափոխվել, երիտասարդն ասաց. «Այո, 2018 թվականի նոյեմբերի 1-ից եմ տեղափոխվել, շատ էի ուզում հայրենիք տեղափոխվել, գաղափարներս շատ էին, այս տարի, երբ տղաս ծնվեց, իր ապագայի մասին մտածեցի:
Հեղափոխությունը հենց եղավ Հայաստանում, դա ինձ համար ոնց որ խթան լիներ, մտածեցի արդեն կարելի է հայրենիք տեղափոխվել, մի բանով զբաղվել, բիզնես անել ու նորմալ կյանքով ապրել: Անցած տարվա ամռանը եկա այստեղ, ուսումնասիրեցի, մնացի ամիս ու կես, ու հասկացա, որ նոյեմբերի 1-ից արդեն կարելի է տեղափոխվել Հայաստան: Տավուշի մարզում ֆիրմա ունեմ, գյուղմթերք եմ արտադրում՝ բանջարեղեն, կանաչեղեն ու նաև մտածեցի Գյումրիում ներդրում անելու մասին, իմ հարազատ քաղաքում, որտեղ ես ծնվել եմ ու պիտի ապրեմ, մնամ: Որոշեցի սմարթ կանգառներ հիմնել ու դիմեցի քաղաքապետարան»:
Երիտասարդ գործարարն ասաց, որ 3 տարվա մեջ 70 սմարթ կանգառ պիտի հիմնի. այս տարվա մեջ կսարքի 35 կանգառ:
Կարդացեք նաև
Թե ինչքան գումար է ներդնելու ու ինչ եկամուտ է ստանալու, Նորայր Դավթյանը ներդրման կոնկրետ չափ այս պահին չի կարող նշել, ասում է՝ պարզ կդառնա երեք տարվա ընթացքում, որովհետև գումար ծախսում է ոչ միայն կանգառի կառուցման վրա, այլ սպասարկումն ապահովելու ու պահպանելու համար:
Նորայր Դավթյանի կազմակերպությունը Գյումրիում սմարթ կանգառներ սարքելու, դիզայնն ապահովելու, անվտանգ ու մաքուր պահելու դիմաց կդառնա գովազդային տարածքների օպերատոր ու իրավունք կունենա վարձով տալու:
Մասնագիտությամբ կապի ինժեներ երիտասարդը Մոսկվայում տարբեր գործերով է զբաղվել, եղել է բիզնեսի մեջ:
«Արդեն հնարավոր է ու ժամանակն է Հայաստանի համար ինչ-որ բան անել, ու շատ ուրախ եմ»,-ասաց մեր զրուցակիցը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ կանգառներում կլինեն չվացուցակներ: Քաղաքապետը նաև նշեց, որ այս տարի չհասցրեցին փոխել Գյումրու տրանսպորտային միջոցները, որովհետև գումարը քիչ էր, սակայն հաջորդ տարի հաստատ կփոխեն:
«Վստահաբար կարելի է ասել, որ հաջորդ տարի ծրագիրը մենք կիրականացնենք ու կունենանք ավտոբուսային մեծ ցանց, 85 նոր ավտոբուսներ ենք բերելու: Այս տարի գումարը չբավարարեց, կարող էինք ընդամենը 39 ավտոբուս բերել, իհարկե, նաև սուբվենցիոն ծրագրով: Մասնագետների հաշվարկով, մոտավորապես 85 ավտոբուսներ էին պետք, դրանք 19 տեղանոց են: Ինձ թվում է հաջորդ տարի այդ հաջողությունը քաղաքը կունենա, կառավարությունը կօգնի»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ