ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցում էր դիպլոմների հանձնման արարողությանը, պատասխանեց լրագրողների հարցերին:
Մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն արտահայտությունը, որ թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում, եթե համապատասխան դասեր չքաղվեն, նաեւ անդրադառնալով Աբովյանի ընտրություններին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Առհասարակ կուսակցությունում սիրում են ցանկացած իրավիճակ վերլուծել եւ դասեր քաղել, եւ այդ էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում: Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում կա, եւ ես չեմ կարծում, թե ունենք մի իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»:
Լրագրողի հարցին` այդ դեպքում ինչո՞ւ Սասուն Միքայելյանի եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի քննարկումները կուսակցության պատերից դուրս եկան, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Իշխանական քաղաքական ուժը մեծացող քաղաքական ուժ է, մեր քաղաքական ուժը միշտ հրապարակային է, այնպես որ խնդիր չեմ տեսնում: Դա բանավեճ է եւ կարծում եմ, որ կարգավորումներ կլինեն: Հարցը դեռ կուսակցությունում կքննարկեն…Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք այդ մտահոգությունները կքննարկենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ