«Ջրի մաֆիա, մի քիչ բարձր է հնչում: Եթե այդպես իրենց նկարագրենք, ապա, նրանք անբարեխիղճ, ոչ պարտաճանաչ, իրենց բիզնեսի շահերը պաշտպանող ինչ-որ խումբ մարդիկ են, որոնք, այո, տարիներ շարունակ ունեցել են ջուր, որի համար կամ վճարել են չնչին գումար, կամ ընդհանրապես չեն վճարել»,-պատասխանելով հարցին՝ վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար անդրադառնում է «ջրի մաֆիայի» խնդրին, բացահայտվա՞ծ է այսօր այդ մաֆիան, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ նշելով, որ այդպիսի ջրօգտագործողների հիմա փորձում են բերել իրավական դաշտ:
Ըստ կոմիտեի ղեկավարի, որոշ դեպքերի հետ կապված կան հարուցված գործեր. «Մի քանի գործերի հետ կապված էլ հենց կոմիտեն է դիմել իրավապահներին՝ տեսնելով ակնհայտ խախտումներ»:
Հարցին՝ այդ մարդկանց ցանկում կա՞ն արդյոք նախկին պաշտոնյաներ, պարոն Մելքոնյանն ի պատասխան ասաց, որ նախկին պաշտոնյաները հիմնականում իրենց անուններով չեն իրականացրել ջրօգտագործումը:
Կոմիտեի նախագահն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացրեց կիսամյակային արդյունքները: Ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոռոգվել է 7 հազար հեկտարով ավելի հողատարածք. «Այստեղ կան նոր հողօգտագործողներ, նոր տնտեսություններ: Կան նաեւ հողօգտագործողներ, որոնք ստվերից փորձում են գալ իրավական դաշտ: Այդ տարանջատումն իրավական մարմինները փորձում են հստակեցնել: Դրա հաշվին ունենք 920 լրացուցիչ պայմանագրեր»:
Կարդացեք նաև
Հարցրին՝ վարչապետը նշում է, որ ջրամբարներում ջրի պակաս չկա, բայց ինչո՞ւ են մարդիկ Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում ոռոգման ջրի պատճառով ճանապարհներ փակում, կոմիտեի ղեկավարը պատասխանեց. «Բոլոր ձեր նշած տեղերում ավելի շատ կառավարման խնդիր է, քան ջրաքանակի: Մենք որոշ ջրօգտագործող ընկերություններում գործընթաց ենք սկսել եւ, նախկինից մնացած որոշ ղեկավարներ, իրենք են հրաժարվել իրենց դիմումի համաձայն, դրվել են նոր մարդիկ: Կան խոչընդոտներ, հնի եւ նորի պայքարը գնում է, եւ մենք, փորձում ենք մեղմել այդ դիմադրությունը: Հիմա հարց է դրված՝ շարունակե՞ն ոլորտը կառավարել ջրօգտագործող ընկերությունները, թե մենք տարբերակ ունենանք մեկ այլ կառավարման մոդելի: Նրանք ունեն թե դեբիտորական, թե կրեդիտորական պարտքեր, եւ այդ պարտքերը տարեցտարի շարունակվում են: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան չի ստացվում»:
Վարդան Մելքոնյանը նաեւ նշեց, որ ջրաքանակի պատկերում նույնպես փոփոխություն կա: Այն ջրաքանակը, որը տրվել էր ջրօգտագործողներին 2018 թվականի առաջին կիսամյակում, 218 մլն խմ է եղել, այս տարի այդ ցուցանիշը նվազել է մոտ 30 մլն խորանարդով. «Այստեղ մի միտում կարող եմ տեսնել: Նվազեցնելով այդ թիվը, փաստորեն, մենք շատ լուրջ, արտառոց բողոքներ չենք ունեցել, եւ դա նշանակում է, որ անցյալի թիվը այդքան էլ հավաստի չէ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ