Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Եթե լիներ փորձագետների հետ հանդիպում, նախագիծը կազմողները կհամոզվեին, որ չարժե այդքան ուժ ծախսել այն պատրաստելու համար». «Փաստ»

Հուլիս 02,2019 13:07

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հիմնական խնդիրն այն է, որ երբ նոր կարգավորումներ են նախատեսվում զանգվածային լրատվամիջոցների դաշտում, նախ պետք է պարզաբանել՝ ի՞նչ ենք հասկանում զանգվածային լրատվամիջոց ասելով: «Այն սահմանումը, որը 2003 թվականից կա օրենքում, տեխնոլոգիաների զարգացման, առցանց լրատվամիջոցների ակտիվացման, ավելի կոնկրետ՝ նոր մեդիայի զարգացման արդյունքում ենթադրում է նաև այդ սահմանման փոփոխություն, և միայն դրանից հետո կարելի է հասկանալ, թե ԶԼՄ-ի մասին ինչպիսի նոր ընթացակարգեր կարելի է ներմուծել օրենքում:

Սա ամենամեծ խնդիրն է: Երկրորդ՝ ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ է տալու ԶԼՄ-ի հաշվառումը արդարադատության նախարարության համապատասխան վարչությունում: Հստակ պարզաբանում և բացատրություն չկա նաև նախագծի հիմնավորման մեջ:

Ուղղակի ԶԼՄ-ները որոշակի տեղեկություններ կարող են ստանալ առանց պետտուրքի վճարման:

Բացի դա, հաշվի առնելով այն, թե ինչպես են լրատվամիջոցները զարգացել, այսօր որպես ԶԼՄ կարող է հանդես գալ կամ դառնալ ցանկացած անձ, և այդ կարգի տեղեկությունները, որոնք նախատեսված են այդ նախագծով, կարող են հետաքրքիր լինել փաստաբաններին, սնանկության կառավարիչներին և այդ կարգի կառույցներին ու անձանց:

Որևէ մեկն իրենց չի կարող խանգարել հիմնել լրատվամիջոց օնլայն տիրույթում և օգտվել նույն արտոնություններից, որոնք առաջարկվում են ԶԼՄ-երին, այսինքն՝ այս նախաձեռնությունում որևէ հստակ իմաստ չկա: Եթե ուզում են բացել իրավաբանական անձանց հետ կապված տվյալները, թող բացեն, բայց ինչո՞ւ են դրա հետ մեկտեղ նախատեսում այդ լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգ, բացարձակապես հասկանալի չէ: Սկզբում պետք է հասկանալ նպատակը, հետո օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: Ես որևէ իրատեսական նպատակ չեմ տեսնում», – ասում է Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահը նշում է, որ եթե այսօրվա օրենսդրության սահմանումներով փորձեն ձևավորել լրատվամիջոցների մասին ռեեստրը, այն, միևնույն է, թերի է լինելու և որևէ բան ոչ մեկին չի տալու: «Չգիտեմ՝ գուցե այս նախաձեռնությունը արդարադատության նախարարության ներքին աշխատանքը հեշտացնելու համար է: Իմ տեղեկություններով՝ լրատվամիջոցների հաշվառումն ամեն դեպքում տեղի է ունենում, այսինքն՝ այնտեղի աշխատողները հետևում են, թե ինչ է կատարվում լրատվական դաշտում , ինչ նոր լրատվամիջոց է հայտնվում, գրանցում են մատյաններում», նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև լրագրողական հանրույթի և քաղհասարակության դժգոհություններին, որ հարցի շուրջ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել: «Քննարկումներ անցկացնելու առումով պետության կողմից որևէ պարտավորություն չկա, կա անհրաժեշտություն «E-draft»-ում որոշակի ժամանակահատվածով տեղադրել նախագծերը, որպեսզի մարդիկ կարողանան կարծիքներ արտահայտել: Խնդիրն այն է, որ օրինաստեղծ աշխատանքով զբաղված մեր պետական կառույցները պետք է ավելի արդյունավետ լինեն, իսկ դրա համար սկզբից պետք էր խորհրդակցել փորձագետների հետ, համոզվել, որ քո նախաձեռնությունը ինչ-որ բարելավում է մտցնում օրենսդրական կարգավորումների մեջ, հետո՝ ժամանակ ծախսել: Ի վերջո, ցանկացած նախագիծ գրելու համար պետական պաշտոնյաներից և հանրային ծառայողներից ժամանակ է պահանջվում:

Կարծում եմ, որ օրենսդրական դաշտում գործերն այնքան շատ են, որ պետք է տնտեսել այդ ժամանակը, և այն չծախսել այդ կարգի նախաձեռնությունների վրա: Իմ կարծիքով, եթե լիներ փորձագետների հետ հանդիպում, նախագիծը կազմողները կհամոզվեին, որ չարժե այդքան ուժ ծախսել այն պատրաստելու համար», – եզրափակում է Բորիս Նավասարդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031