Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը դատարանում է անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ

Հուլիս 02,2019 13:00

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստն է:

Մեկնարկին մեղադրյալին նիստերի դահլիճ բերեցին անվասայլակով՝ երկու բժշկի ուղեկցությամբ, այնուհետեւ թթվածնային ապահովման սարքավորում միացրին:

Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը վերացնել անհապաղ:

Նա նախ հիշեցրեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հունիսի 11-ի հրամանով ստեղծվել էր բժիշկների կոնսիլիում, որի եզրակացությամբ՝ Մանվել Գրիգորյանն ունի տասնյակից ավելի հիվանդություն, այդ թվում՝ ծանրագույն, եւ նա մի շարք մասնագետների մշտական հսկողության կարիք ունի. «Նրա վիճակը գնում է վատթարացման: Որպես օրինակ՝ նրա ոտքերը հոսանքով լարման են տվել եւ արձանագրել, որ ոտքերի 70-50%-ը զգայունություն չունեն: Նրա մոտ արձանագրվել է հաղորդակցման, մտավոր եւ զգայական ֆունկցիաների դանդաղում, հետաքրքրությունների եւ պահանջմունքների բացակայություն»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը:

Առողջական վիճակի կտրուկ վատթարացման հիմքով նա միջնորդեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատել, կամ, եթե դատարանը գտնի, կալանքից ազատման դիմաց գրավ կիրառել: Միջնորդության քննությունը շարունակվում է:

Այս գործով մեղադրող-դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդության դեմ առարկեց. «Մանվել Գրիգորյանն իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում է: Եթե դատարանը որոշի խափանման միջոցը վերացնել, նա, միեւնույնն է, գտնվելու է հիվանդանոցում: Միակ տարբերությունը հոգեթերապեւտի հետ առանձին խոսելու հնարավորությունը կարող է լինել: Իսկ հիվանդությունների առնչությամբ իրավիճակին կարող է գնահատական տալ բացառապես միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը»:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

https://www.facebook.com/aravot.am/videos/562591264272098/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031