Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իրականություն է տեղեկությունը, որ Մարտի 1-ի զոհերը կարող են ավելին լինել, քան հայտնի տասը, հայտարարել է, թե չունեն այդպիսի տեղեկություն: Բայց հատկանշականն այն է, որ դատախազ Դավթյանը կիրառել է նաև «չի բացառվում դա» արտահայտությունը:
Այդպիսով, գլխավոր դատախազի մակարդակով հայտարարվում է, որ չի բացառվում տասից ավելի զոհ ունենալու հանգամանքը: Դա բավականին պատասխանատու հայտարարություն է, որովհետև «չի բացառվում» ասելու համար պետք է ունենալ առնվազն որոշակի ուրվագծային հիմքեր, այլապես նույն բանը կարելի է ասել միշտ՝ անգամ 10 զոհերի սպանության բոլոր հանգամանքները բացահայտելու դեպքում: Միշտ էլ կարելի է ասել, որ չի բացառվում ավելի շատ զոհ ունենալը: Մինչդեռ, իրավապահ կառույցները հենց այն բանի համար են, որ բացառեն դա՝ Մարտի 1-ին տասը զոհից բացի, այլ զոհեր ունենալու հանգամանքը: Եվ եթե Գլխավոր դատախազն է հայտարարում, որ «չի բացառվում դա», ապա դրա համար կամ պետք է ունենալ այդ ուրվագծային հիմքը, կամ դա իրապես տարակուսելի է, և գլխավոր դատախազն իր բարձր պաշտոնից կարող է տուրք տալ խոսակցությունների, որոնք նոր չէ, իհարկե, որ շրջանառվում են:
10-ից ավելի զոհերի հանգամանքը շրջանառվում է շատ երկար ժամանակ, դեռևս մարտիմեկյան իրադարձություններից անմիջապես հետո: Բայց թե՛ իշխանությունը, թե՛ նաև ընդդիմությունը կամ հանրային, քաղաքացիական կառույցները, մասնագետները, որ զբաղվել են խնդրով, թերևս չեն ներկայացրել այդպիսի ենթադրության կամ վարկածի համար, շատ թե քիչ, հավաստի փաստարկային հիմնավորում: Դե, ինքնին հասկանալի է, որ իշխանությունը ոչ միայն դա չէր ներկայացնի, այլ նույնիսկ այդպիսին լինելու դեպքում կաներ ամեն ինչ՝ թաքցնելու համար, որպեսզի ներկայացներ հնարավորինս քիչ զոհ: Բայց չէ՞ որ անգամ ամբողջատիրական իշխանական համակարգի պայմաններում Հայաստանում իրողություններն ամենևին այդ աստիճան փակ չեն եղել, որպեսզի հնարավոր լիներ հանրությունից թաքցնել զոհ լինելու հանգամանքը: Եթե, իհարկե, զոհը չի եղել անտուն, անտեր, որի մասին չի հետաքրքրվել ոչ ոք, որը չի ունեցել ծանոթ, մտերիմ, բարեկամ և այլն և որի մահը, այսպես ասած, անհետանալը չէր հետաքրքրի որևէ մեկի:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում