Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) լուսանկարների ցուցահանդեսը։
Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել էր Լոնդոնում և Փարիզում։
Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը, իսկ Կիոտոյի ժամանակակից ազգային արվեստի թանգարանում` մինչև հուլիսի վերջ։
Էրդողանը հիշեցրել է, որ Արա Գյուլերը, ով հայտնի է «Լեիկայի վարպետ» (“Master Of Leica”) անվամբ և աշխարհում 7 ամենալավ լուսանկարիչներից մեկն է համարվում, մահացել է 2018թ. հոկտեմբերի 17-ին:
Կարդացեք նաև
«Ինձ համար պատիվ է` անձամբ բացելու Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը, որը վերջին տարիներին մեր երկրի ամենահաջողակ արվեստագետներից է: 90 տարվա կյանքի ընթացքում Արա Գյուլերի նկարած լուսանկարները դարձել են Թուրքիայի, մասնավորապես Ստամբուլի տեսողական հիշողությունը»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է Արա Գյուլերի այն խոսքերը, որ ինքն իրեն բնութագրել է որպես «ֆոտո-լրագրող, ով պատմությունը գրում է ֆոտոապարատով» և հավելել, որ Գյուլերը մինչև վերջին շունչը իրենց համար և ողջ մարդկության համար ձեռքը չի հանել լուսանկարչական ապարատի կոճակից:
«Արա Գյուլերի կեսդարյա մասնագիտական կյանքի ընթացքում արված լուսանկարներն այսօր աշխարհի տարբեր կողմերում գտնվող թանգարանների, հավաքածուների, ալբոմների, ցուցահանդեսներում զբաղեցնում են իրենց տեղը»,- ասել է նա:
Աղբյուր` Ermenihaber/ Takvim.org