Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ամենատեր քրեաօլիգարխիկ համակարգին փոխարինելու է գալիս ամենատեր անձնիշխանությունը. Արմեն Բադալյան. «Փաստ»

Հուլիս 02,2019 12:33

Հայաստանում հաստատվում և ամրապնդվում է ապագաղափարական անձնիշխանության համակարգը: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի խոսքով՝ անձնիշխանության համակարգը փոխարինելու է եկել քրեաօլիգարխիկ համակարգին, ինչը, ըստ նրա, վերացել էր նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո:

«Հեղափոխությունը շատ արագ փոխվեց իշխանափոխության, ինչի արդյունքը հենց անձնիշխանության համակարգի հաստատումն էր, ինչն ունի իր սկզբունքները: Առաջինն այն է, որ այդ համակարգում ներկայացված քաղաքական ուժի մեջ, տվյալ դեպքում՝ ՔՊ-ում, սկսում են ձևավորվել տարբեր խմբեր, որոնք ձգտում են ավելի մոտ լինել գլխավոր անձնիշխանին: Մեծ հաշվով, նույն երևույթները, որոնք կային նախորդ համակարգում, տեղափոխվել են նոր համակարգի մեջ: Պատահական չէ, որ դրանք կամաց-կամաց սկսում են ի հայտ գալ»:

«Ինչո՞ւ է այս օրերին ամենաշատ քննարկվող հարցերից մեկը դարձել Սահմանադրական դատարանն ու երկրորդ նախագահի հարցը: Պատճառը պարզ է. երբ դու չունես զարգացման օրակարգ, և այդ առումով առաջ չես նայում, օբյեկտիվորեն սկսում ես հետ նայել, որտեղ երկրորդ նախագահն է: Իսկ անձնիշխանն իր առջև ամեն գնով երկրորդ նախագահին բանտ ուղարկելու խնդիրն է միայն դրել»,ասաց նա՝ նշելով, որ երկրի զարգացման հայեցակարգը մշակելու հարցը մի կողմ է դրված:

«Փոխարենը վարչական ողջ ռեսուրսի կիրառմամբ ընդամենը փորձ է արվում մեկ խնդիր լուծել. անձնիշխանությանը ենթարկել նաև դատական համակարգը, այդ թվում՝ ՍԴ-ն՝ նպատակ ունենալով լուծել երկրորդ նախագահի բանտարկման հարցը:

Այսօր խոսվում է դատական բարեփոխման մասին, բայց այդ ամենը բարեփոխման հետ որևէ աղերս չունի:

Նպատակ կա ունենալ նաև այնպիսի գրպանային ՍԴ, որը ցանկալի որոշում կընդունի: Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ տարի անց իշխող քաղաքական ուժի կողմից ընդամենը երկրորդ նախագահի բանտարկման հարցն է դրված:

Այսինքն, ստացվում է այնպես, որ անցած տարվա իրադարձությունները տեղի ունեցան միայն նրա համար, որ նա անպայման դատվի: Այս պահի դրությամբ այս իշխանություններն իրենց առջև ուրիշ խնդիր չեն դնում, թեպետ խոսում են համակարգային կոռուպցիայի վերացման և այլ հարցերի մասին: Այդուհանդերձ, 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ներդրումների առումով որևէ հաջողություն չկա, մասշտաբային թվով աշխատատեղեր չեն բացվել, որևէ գործարան չի կառուցվում:

Ոչինչ չի կառուցվում, չի խոսվում անգամ գոյություն չունեցող տնտեսական հեղափոխության մասին: Այսօր միայն անձնիշխանության համակարգի ամրապնդման ուղղությամբ են քայլեր ձեռնարկվում: Փորձում են նույն գործունեությունը իրականացնել նաև Արցախում՝ անձնիշխանության մի համակարգ էլ այնտեղ տեղափոխել: Այսօր ամենատեր քրեաօլիգարխիկ համակարգին փոխարինելու է գալիս ամենատեր անձնիշխանությունը: Այսօր հեղափոխության անվան տակ ընդամենը անձնիշխանության խնդիր է լուծվում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031