Քննչական կոմիտեն շահագրգիռ է հասարակական մոնիթորինգի խմբի գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործում, հետևաբար լուրերը, թե խումբը կարող է փլուզվել՝ հեռու է իրականությունից: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե խումբը փլուզման եզրին է:
«Քննչական կոմիտեի առաջարկով ստեղծված հասարակական մոնիթորինգի խումբը, որի նպատակը զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրելն է, շարունակում է իր բնականոն գործունեությունը: Հավաստիացնում եմ, որ խմբի փլուզման մասին տարածված տեղեկատվությունը հեռու է իրականությունից»,- ասաց Նաիրա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունները ծանոթանում են իրենց կողմից ուսումնասիրվող քրեական գործի նյութերին:
«Քննչական կոմիտեն պատշաճ կազմակերպում է այդ գործընթացը և անհրաժեշտության դեպքում ականջալուր է ՀԿ-ների կողմից բարձրացված ցանկացած հարցի: Կոմիտեն բազմաթիվ անգամներ հայտարարել է ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած քրեական գործով բաց և թափանցիկ քննարկումներ կազմակերպել, թե խմբում ընդգրկված ՀԿ-ների թե այլ կազմակերպությունների հետ»,- ընդգծեց Հարությունյանը:
Կարդացեք նաև
Նաիրա Հարությունյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից