Հունվար-փետրվար ամիսներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դավոսյան հանդիպումից հետո, մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե իբր կողմերը մոտ են համաձայնության եւ հունիսին փաստաթուղթ են ստորագրելու, որով հայկական կողմը զիջելու է ազատագրված շրջանների մի մասը։
Իշխանության կողմից, ընդ որում ոչ միայն ներկայիս, հող հանձնելու վերաբերյալ խոսակցությունները եղել են միշտ։ Սակայն այս դեպքը յուրահատուկ է նրանով, որ այս տեղեկությունը եկել էր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ Այդ կարծիքը հայտնած փորձագետը՝ Ստանիսլավ Տարասովը, հարցազրույց էր տվել նաեւ հայկական կայքերից մեկին կրկնելով առաջ քաշած թեզը։ Նման պնդման համար հիմք էին հանդիսացել Փաշինյան-Ալիեւ՝ «անգամ ամենահամեստ դիվանագիտական չափանիշներով երկար տեւած» մեկուկես ժամանոց զրույցը եւ այն, որ «Ալիեւը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը՝ ճնշված»։
Սակայն հունիսն անցավ, իսկ առարկայական բանակցությունների վերսկսման մասին խոսք չկա, ընդ որում, դրա մեղավորը հենց Ադրբեջանն է, որը դեռեւս մայիսի սկզբից սկսեց լարել իրավիճակը առաջնագծում եւ, ըստ էության, հետ շպրտեց քննարկումները մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Դուշանբեի պայմանավորվածություններից առաջ եղած պահը։ Հունիսի առաջին կեսին տեղի ունեցած լարումը եւ դրան հաջորդած ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն արձանագրեցին, որ կողմերը նույնքան հեռու են որեւէ հարցի շուրջ պայմանավորվածության գալուց, որքան հեռու էին, օրինակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Դրա օգտին են խոսում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսյան հայտարարությունում տեղ գտած ձեւակերպումները։ Խոսքը մասնավորապես Վիեննայի եւ Մոսկվայի հանդիպումների մասին է, որոնք որակվել էին որպես «քննարկումներ» ի հեճուկս ադրբեջանական քարոզչության շարունակական փորձերի դրանք որպես «բանակցությունների վերսկսում» ներկայացնելու։ Չկան բանակցություններ՝ չի կարող լինել փաստաթուղթ։
Ներկայիս իրավիճակը եւ դրա դինամիկան հուշում են, որ քանի դեռ չկան վստահության ամրապնդման մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններ ու դրանք կյանքի կոչելուն ուղղված հստակ քայլեր՝ ավելորդ է խոսել ստատուս-քվոյի փոփոխության, կամ առհասարակ որեւէ տեսակի առարկայական բանակցությունների մասին։ Իսկ ստատուս-քվոյի փոփոխությանը գնալը, որքան էլ զարմանալի հնչի, ինչ-որ առումով ձեռնտու չէ նաեւ Ալիեւին։ Բանն այն է, որ առարկայական բանակցությունների ճանապարհն ընկած է փոխվստահության մթնոլորտի ապահովման մեխանիզմների եւ հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու միջով, ինչն այսօրվա Ադրբեջանում գործնականում անհնար է. հայտնի չէ, թե ինչպես Ադրբեջանի հասարակությունը կընդունի հայի ներկայությունը, օրինակ, Բաքվում, «չկան երաշխիքներ, որ հյուրանոցում, երբ պարզվի, որ նա հայ է՝ նրան չեն մորթի»:
Կարդացեք նաև
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում