Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան աղմուկը եւ «քիմիան»

Հուլիս 02,2019 22:00

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը բանտ ակամայից նոր էջ բացեց հայ-ռուսական «դարավոր բարեկամության» նորագույն պատմության մեջ։

Անհասկանալի է, թե ինչու, բայց Մոսկվան կարծես հույս էր փայփայում, որ երկու անգամ կալանավորվելուց եւ ազատվելուց հետո Քոչարյանը կարող է մնալ ազատության մեջ եւ շարունակել իր «հիբրիդային» գրգռիչի դերակատարությունը հայ-ռուսական հարաբերություններում։

Հայկական ուղղությամբ մասնագիտացած եւ «հայ ժողովրդի եւ Արցախի բարեկամի» կոչմանը հավակնող, մեզ մեր իսկ շահերը բացատրելու գործին լծված ռուս պատգամավոր, միջազգային պատժամիջոցների ներքո հայտնված Կոնստանտին Զատուլինը վերջին տարիներին Հայաստանի հետ կապված հարցերում կատարում է այն դերը, ինչպես Ժիրինովսկին բոլոր ուղղություններով։

Սակայն, զուրկ լինելով Վլադիմիր Վոլֆովիչի անկաշկանդ մտքի եւ անբռնազբոս բնավորության առանձնահատկություններից, պարոն Զատուլինը միշտ ընկնում է սեփական թակարդն, ակամայից ֆալստարտի ռեժիմով մատնելով Կրեմլի մտահղացումները եւ «մտքի զորաշարժերը», ինչը հազիվ թե Մոսկվան նախատեսել էր։ Արդյունքում ստացվում է ուրախ եւ ծիծաղելի, իսկ չոր մնացորդում՝ ոչ կոմպետենտ եւ ոչ պրոֆեսիոնալ, բերելով նրան, ինչից, ըստ նրա իբր մտահոգության առարկայի՝ իբր ցանկանում է պարոն Զատուլինը եւ հենց դրանում, այսինքն ոչ կոմպետենտության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ՝ մեղադրում վարչապետ Փաշինյանին։

168.am-ին շարադրելով իր այդ «մտահոգությունները», Զատուլինը, փաստորեն, պահանջում է դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը, քանզի նա «արքայազն է», ձեռք չտալ ռուսական բիզնեսի «հնդկական կովերին» Հայաստանում՝ «Գազպրոմին» եւ ՌԺԴ-ին հանձինս իրենց հայկական դուստր ձեռնարկություն-մոնոպոլիստների, իսկ Փաշինյանից պահանջում է նաեւ չարհամարհել «Քոչարյանի զինակից արցախցի ընկերների կարծիքը», քանզի «դա անվտանգ չէ եւ Հայաստանի, եւ Արցախի համար»։

Եվ ուրեմն, ըստ պարոն Զատուլինի՝ «ՀՀ վարչապետն ուշադրություն չի դարձնում Ռուսաստանի բարեկամական ազդանշաններին՝ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, որ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի մերձավոր ընկերների շարքում է։ Թվում է՝ լավ հարաբերություններ ունենալը Վլադիմիր Պուտինի հետ արդյոք արժե՞ այդ մեսսան։ Պարզվեց՝ ոչ։ Ափսոս…»:

Այսինքն, պարոն Զատուլինը ցանկանում է, որ ուշադրություն դարձնի «Ռուսական բարեկամական ազդանշաններին» առ այն, որ Քոչարյան-Պուտին «քիմիան» պետք է գերիշխի բոլոր մնացյալ փաստարկների նկատմամբ, այդ «մեսսան» դադարեցվի, օրենսդրությունը դրվի մի կողմ, անվավեր հայտարարվի մեղադրանքը սահմանադրական կարգի տապալման հոդվածով, որի հետ կապված կան հարյուրավոր մարդկանց ցուցմունքներ, որպեսզի պարոն Զատուլինը եւ նրա հայկական «ֆան-կլուբը» հանկարծ «չմտահոգվի՞»։ Ու դուք սա կոչում եք միջպետական հարաբերություննե՞ր։

Ռոբերտ Քոչարյանի բիզնես-գործընկեր, ԱՖԿ «Սիստեմա» ընկերության գլխավոր սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը նույնպես միացավ այս «մտահոգված երգչախմբին», դատաքննությունն անվանելով «ակնհայտորեն քաղաքական»։ Եվ դժվար է չվերհիշել Հայաստանում ՌԴ դեսպանատան «բացատրությունը», որից հետո դեսպան Կոպիրկինին հրավիրեցին ՀՀ ԱԳՆ եւ «նրա հետ զրույց տարվեց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»։ Մեր «ռազմավարական դաշնակցի» դեսպանատունը Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը ներկայացրեց ի շարս «քաղաքական եւ գործարար շրջանակների հետ շփումների», այսինքն, պետք է հասկանալ, որ հանդիպումը Քոչարյանի հետ պարունակում էր եւ «քաղաքական» եւ «գործարար» տարրը։

Այս ամենի մասին արդեն բազմիցս է խոսվել, կարճ ժամանակ անց եւ վաղուց է հնացել տեղեկատվական-հեռահաղորդակցային հեղափոխության բերումով։ Սակայն, մի հանգամանք այնուամենայնիվ պետք է առանձին դիտարկել։

Պարոն Զատուլինը նշում է, որ «հանուն արդարության՝ հարկ է նշել, որ անձնապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք չէ մեղադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու ցանկության բացակայության մեջ՝ նրանք հաճախ են զանգում միմյանց եւ հանդիպում։ Բայց այնպիսի տպավորություն է, որ վերը նշված հանգամանքների պատճառով ամբողջական փոխըմբռնման եւ վստահության մասին հնարավոր չէ խոսել։ Իսկ դա արտահայտվում է, իհարկե, տարբեր կերպ՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության վրա»։

Վաղ 90-ականներին Հայաստանի հարաբերությունները Մոսկվայի հետ նույնպես միանշանակ չէին։ «Կենտրոնը», որը միտված էր ճնշելու անկախական շարժումները եւ պահպանելու արյան, անազատության եւ տառապանքի վրա ստեղծած կայսրությունը, համակրում էր ոչ թե Անկախության եւ ինքնիշխանության ուղին ընտրած Հայաստանին, այլ ԽՍՀՄ պահպանմանը գրեթե միաձայն կողմ քվեարկած Ադրբեջանին, իսկ Ռուսաստանի ժողովրդավարական շրջանակների համակրանքը հակառակն էր։ Կրեմլը նույնպես «չէր վստահում» անկախացող Հայաստանին, հակահայ տրամադրություններ ունեին Ռուսաստանի սեւ-հարյուրակային շրջանակները, որոնք սովորաբար ակտիվանում են, երբ թուլանում է կայսրությունը։

Իհարկե, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ չափազանց կարեւոր են, անկախ նրանից, թե ինչպիսին է այդ Ռուսաստանը, կամ ինչ կլինի նրա փոխարեն։ Եվ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը, որքան էլ որ զատուլինները «բարեկամական ազդանշաններ» հաղորդեն, Սերժ Սարգսյան չի դառնա, չի կարող դառնալ, քանզի դա հակաբնական է եւ հակաբանական։

Հետեւաբար, իրատեսական խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը մեզ սկսի «վստահել» այնպես, ինչպես, ասենք, Քոչարյանի օրոք, քանզի դա անհնարին է։ Վստահությունը կգա, երբ Հայաստանը եւ Ռուսաստանը կղեկավարեն նույն արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական թիմեր։ Իրատեսությունն այն է, որ Հայաստանում հեղափոխական երիտասարդ թիմը պետք է հարթ հարաբերություններ պահպանի սովետական բորբոսով պատված տգետ եւ խավարամիտ, աչքածակ եւ բարդույթավորված, ծերացող եւ փնթփնթացող չեկիստների հետ, մեղմելով բոլոր հնարավոր ճգնաժամերը, դրան զուգահեռ՝ փորձելով դիվերսիֆիկացնել քաղաքականությունները՝ անվտանգության, արտաքին եւ արտաքին տնտեսական, պաշտպանական եւ այլն, մաքրել երկիրը քաղաքական եւ քաղաքակրթական աղբից, բարձրացնել ինքնաբավությունը։

Դեհ, իսկ Զատուլինը մի կերպ թող թեթեւ տանի այս նոր «քիմիան» եւ փորձի հաշտվել անխուսափելի իրականության հետ։ Ավելի բարի եւ իրատեսական խորհուրդ պարոն Զատուլինի համար ուղղակի գոյություն չունի եւ չի կարող ունենալ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
2.07.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քազաքացի says:

    Հարգելի Ռուբեն Մեհրաբյան,
    Ձեր մեկնաբանություններին շատ վստահում եմ և միշտ կիսում Ձեր տեսակետները։ Նրանք շիտակ են և բարոյական։ Առանձնահատուկ հաճույք եմ ստանում մեկնաբանությունների ոճից, որոնք համեմված են նուրբ երգիծանքով, դարձնելով քաղաքական անցուդարձի ընկալումը ավելի դյուրամարս, բոլորովին չնսեմացնելով մեկնաբանվող նյութի լրջությունն ու կարևորությունը։ Կեցցեք և շնորհակալություն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031