Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզարշավի ու «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը ներկայացնելու ժամանակ մարդկանց չէին ասում, որ ներկայացվող ծրագրերի ֆինանսական բեռը երևանցին պետք է իր ուսերին վերցնի. Մարկոս Հարությունյան. «Իրատես»

Հուլիս 02,2019 11:09

Երևանում առկա բոլոր խնդիրները՝ ամենափոքրից մինչև ամենամեծ, մեր խմբակցության ուշադրության կենտրոնում են»,- «Իրատեսի» հետ զրույցում հավաստիացրեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ առանձնացնելով դրանցից ամենացայտունները: Նշեց՝ Օպերայի հարակից տարածքում երկու սրճարան քանդվեց՝ պատճառաբանությամբ, թե կանաչապատում պետք է իրականացվի, դրան զուգահեռ մայրաքաղաքի 16-րդ թաղամասում, ոռոգման ջուր չլինելու պատճառով, ծառերը չորանում են, քաղաքն էլ կարծես արոտավայրի վերածված լինի, չորացած խոտերը չեն մաքրվում և այլն:

-Երևանի աղբահանությունն իրականացնող մեկ օպերատորի պարտականությունը քաղաքապետարանն իր վրա է վերցրել, բացի այդ, օրեր առաջ ստացել են «Կամազ» մակնիշի բեռնատարներ, որոնք գործի դնելուց հետո, ըստ իրենց, աղբահանության որակն էապես փոխվելու էր: Տեսնում ենք սակայն, որ ոչինչ էլ չի փոխվել: Նախկինի պես քանդվում ու նորից ասֆալտապատվում են այնպիսի փողոցներ, որոնք դրա կարիքը չունեն առհասարակ, փոխարենն անուշադրության են մատնվում ու չեն բարեկարգվում խրամատներ հիշեցնող, երկրորդային կամ երրորդային փողոցները: 16-րդ թաղամասում վերջերս վերելակ պոկվեց, բարեբախտաբար, ճոպանը 2-րդ հարկից էր կտրվել, ու զոհեր չեղան, այնինչ քաղաքապետարանը պարզաբանեց, թե «ճոպանն ուղղակի տեղից ընկել էր, վտանգավոր բան չկա»: Եթե կարծում են՝ մարդ պետք է մահանար, որ վտանգ տեսնեին, ապա ես ավելացնելու ոչինչ չունեմ,- ասում է ավագանու անդամը:

-Քաղաքապետը վերջերս հայտարարեց, թե նոր վերելակները պետք է ձեռք բերվեն ժողովրդից գանձած գումարների հաշվին: Արդարացի՞ մոտեցում է:

-Նախընտրական քարոզարշավի ու «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը ներկայացնելու ժամանակ մարդկանց չէին ասում, որ ներկայացվող ծրագրերի ֆինանսական բեռը երևանցին պետք է իր ուսերին վերցնի: Ընտրվելուց հետո մեկ էլ հանկարծ պարզ դարձավ, որ եթե որակյալ վերելակ են ուզում, ապա դրա համար վերցվող վարկը քաղաքացիները պետք է փակեն: Եթե տրանսպորտային նոր ցանց լինի, ապա ուղեվարձը կթանկանա: Հողի կադաստրային արժեքը ցանկանում են փոխել, գույքահարկերը բարձրացնել, նախագիծն արդեն կառավարությունում է: Բայց դա անթույլատրելի է, որովհետև ճիշտ մենեջմենթը ոչ թե ֆինանսական մեծ աղբյուրներ ձեռք բերելն ու կառավարելն է, այլ եղած գումարով ճիշտ կառավարում իրականացնելը: Ամենատարբեր հարցերի վերաբերյալ առաջարկություններ ենք անում, բայց դրանք հիմնականում չեն ընդունվում: Թեև բարձրաձայնում են, որ իրենց համար որոշիչը ժողովրդի կարծիքն է, բայց, օրինակ, իմ ներկայացրած նախագիծը՝ Անաստասավանի անանուն փողոցներից մեկն անվանել նկարիչ, ծնունդով անաստասավանցի Հենրիկ Ոսկանյանի անունով, մերժեցին: Բնակիչները միակարծիք էին այդ հարցում, բայց պարզվեց, որ որոշողը ոչ թե մարդիկ են, այլ քաղաքապետարանի աշխատակիցները:

-Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վստահեցնում է՝ մետրոյի երկու նոր կայարանների ու ճոպանուղու կառուցումը կսկսվի հաջորդ տարի: Ըստ նրա՝ ներդրողներն արդեն հայտնի են, բայց անունները հրապարակելու պահը չի դեռևս: Ընդդիմադիր խմբակցությունների հետ ներդրողների հարցը քննարկվե՞լ է, տեղյա՞կ եք՝ ովքեր են:

-Ոչ, ոչնչից տեղյակ չենք, մենք նաև «Կամազների» մասով տեղեկացված չէինք: Նմանատիպ նորություններին, առհասարակ, ես մամուլից եմ տեղեկանում, մեզ հետ ոչ ոք չի խոսում, չի քննարկում: Չեն ծանոթացնում, թե ինչ են մտադիր անել մեկ կամ երկու տարի հետո: Մետրոյի նոր կայարան ունենալը, իհարկե, լավ է, սակայն չեմ հավատում, որ 150 մլն դոլարի ներդրում կանի կառուցապատողը, ինչ է թե կայարանի մոտ բազմաբնակարան շենք կամ առևտրի կենտրոն կառուցելու հնարավորություն է ստանալու: Չեմ հավատում, որ Հայաստանում այդպիսի ներդրում կարող է լինել, բայց, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031