Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրումը ԱԺ-ի կողմից բացարձակապես կրում է քաղաքականացված բնույթ. Հայկուհի Հարությունյան. «Ժամանակ»

Հուլիս 02,2019 10:40

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ խնդիրը երկու մակարդակում է՝ իրավական և օրենսդրական։ «Եթե տեղյակ եք, հենց սկսվեց ԲԴԽ անդամի ընտրության գործընթացը, հայտարարություն եղավ, որտեղ ներկայացվել էր, որ գործող օրենսդրության կարգավորումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դեռևս 2017 թվականին կարծիք էր արտահայտել, որը պետք է փոփոխություն բերեր նախագծի մեջ։ Մասնավորապես, այնտեղ ԲԴԽ անդամներին ներկայացնելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը առաջարկություն էր արել, որ նոմինացման գործընթացն ավելի բաց և ընդգրկուն լինի։ Ոչ միայն սահմանափակվի կուսակցական նոմինացումներով, այլև հնարավորություն տրվի նաև քաղհասարակությանը փորձագիտական խմբերին, փաստաբանների պալատին թեկնածու առաջադրել և գործընթացը դարձնել մասնակցային։ Բայց քանի որ նախորդ քաղաքական իշխանության կոնտեքստում նման ընդգրկուն և ներառական գործընթացը ձեռնտու չէր նրանց, բնականաբար, Վենետիկի հանձնաժողովի այդ առաջարկությունները հաշվի չառնվեցին»,- ասաց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրումը ԱԺ-ի կողմից բացարձակապես կրում է քաղաքականացված բնույթ, և ընդամենը իշխող խմբակցությունը ունենում է քաղաքականապես իրեն հարմար թեկնածուի վերաբերյալ քվեարկություն։ Ընդ որում, ձայների պահանջն այնպիսին է, որ անգամ ընդդիմության ձայների անհրաժեշտություն չի առաջանում։ Խմբակցությունը, որը առաջադրում է թեկնածուին, նա էլ ընտրում, կամ մերժում է թեկնածուին։ «Այս տեսանկյունից, փաստորեն, գործընթացը խնդրահարույց է, և որևէ ձևով բարեփոխում չի եղել՝ Դատական օրենսգրքում կատարվելով փոփոխություն։ Գործընթացը չի ապահովում ներառականություն, մրցակցություն, ինչը կարող էր թարմություն և փոփոխություն բերել ԲԴԽ-ում արդեն նոր իրողությունների պարագայում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ այն անդամներին, որոնց առաջադրում է դատավորների ընդհանուր ժողովը, Հարությունյանի խոսքերով, ներկայումս ևս խնդրահարույց է, քանի որ ընդհանուր ժողովի կազմը նորացված չէ և ստացվում է, որ նույն խնդրահարույց դատական համակարգի ներկայացուցիչները կարող են դառնալ ԲԴԽ անդամ ։ «Այս պահին ԲԴԽ-ում դատավորների ընդհանուր ժողովը մեկ թափուր տեղ ունի և մեկ թեկնածու կարող է նշանակել։ Ակնկալել, որ այդ տեսակ կազմով և գործող կանոններով ԲԴԽ-ն պետք է ավելի մեծ որակական արդյունքներ ներկայացնի և նվաճի հանրության վստահությունը և հիմք հանդիսանա դատական համակարգի բարեփոխումների համար, կարծում եմ՝ այդքան էլ իրատեսական չէ»,- ասաց Հարությունյանը։

Դիտարկմանը՝ այդ պարագայում ինչպե՞ս կարող է իշխանությունը այդ պայմաններում ձևավորված ԲԴԽ-ին օժտել նաև վեթինգ իրականացնելու ֆունկցիայով, մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե իշխանությունը նման մտադրություն ուներ, ապա պետք է մինչև ԲԴԽ-ի ձևավորումը գործունեության կանոնները փոփոխության ենթարկվեցին, օրենքում փոփոխություններ կատարվեին, որպեսզի ԲԴԽ նորընտիր անդամի համար հասկանալի ու պարզ լիներ իր առաքելությունը։ «Հիմա ստացվում է, որ անձն իր համաձայնությունը տալիս է առաջադրվել ԲԴԽ անդամ, և դառնալով ԲԴԽ անդամ, նա լիազորություն չունի վեթինգ իրականացնել, բայց ընթացիկ փոփոխություններ կատարելով՝ անձինք համընթաց ստանձնելու են պարտավորություններ, որոնց համար իրենք ի սկզբանե համաձայնություն չեն տվել, և այդ լիազորությունը իրենց չի պատվիրակվել։ Մեզ մոտ ոնց որ թե հակառակն է լինում, մենք մարդկանց ընտրում ենք, հետո նոր նրանց պատվիրակում լիազորություններ, մինչդեռ պետք է հակառակը լինի։ Դրա համար կրկնում եմ, որ մենք ունենք մտահոգող օրենսդրական կարգավորում, որի վերաբերյալ 2017 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից կարծիք է տրվել, բայց չի փոփոխվել։ Այսինքն՝ իմ մտահոգությունը ոչ թե անձերով, այլ իրավակարգավորումներով է պայմանավորված։ Եթե մենք ընդունենք անբասիր և այլ չափանիշներով մարդկանց, բայց այդ անձանց գործունեության կանոնները չփոփոխվեն, ապա վստահելիության փոփոխություն չի լինելու, քանի որ անձինք գործելու են կանոններով, որոնք գրված են եղել այլ նպատակների համար։ Կանոնների փոփոխման խիստ կարևոր անհրաժեշտություն կա, բայց այս պահին իշխանությունը ֆիքսվել է անձանց փոփոխության վրա, ինչը չի կարող ամբողջությամբ վստահություն ապահովել»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031