Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեն օրերի» բարեկամությունը

Հուլիս 02,2019 10:00

Վերջերս Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակն էր: Միանում եմ շնորհավորանքներին, որովհետեւ կարծում եմ՝ ցանկացած մարդ արժանի է մարդկային վերաբերմունքի: Չեմ միանում հայհոյանքներին եւ անեծքներին, որովհետեւ վստահ եմ՝ ցանկացած անեծք ու հայհոյանք, ում էլ ուղղված լինի, բացասական լիցք է, որն ուղարկվում է տիեզերք, վերադառնում եւ հարվածում է բոլոր մարդկանց, առաջին հերթին՝ այդ ազդակն ուղարկողին: (Ի դեպ, ժողովրդավար երկրների համար հարիր չեմ համարում նաեւ ներկա կամ նախկին ղեկավարներին ձոներ նվիրելը՝ դրանից առնվազն բրեժնեւյան լճացման հոտ է գալիս):

Բայց այս օրերին նկատել եմ մի հետաքրքիր երեւույթ: Բազմաթիվ մարդիկ, հիմնականում ՀՀԿ վերնախավից, իրենց բարեմաղթանքներն ուղղելուց ներկայանում էին որպես Սերժ Սարգսյանի բարեկամներ: Այ, այստեղ թույլ տվեք չհամաձայնել: Արդյոք այդ մարդկանցից որեւէ մեկը անցած տարվա սկզբին մոտեցե՞լ է Սերժ Սարգսյանին, ասելով՝ «Հարգարժան նախագահ, մի՛ փորձեք վարչապետ դառնալ, դա չափազանց վատ է ընկալվելու Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից եւ բացասական հետեւանքներ է ունենալու անձամբ Ձեր, ինչպես նաեւ մեր քաղաքական ուժի համար»: Ով նման բան է ասել, նա իսկապես Երրորդ նախագահի բարեկամն է: Բայց ես խիստ կասկածում եմ, որ նման մարդ գոյություն ունի:

Ավելի շատ հակված եմ մտածելու, որ արձագանքը հետեւյալն էր՝ «Շատ իմաստուն քայլ է Ձեր կողմից, սիրելի նախագահ, ի~նչ լավ է, որ ցանկանում եք շարունակել ղեկավարել մեր երկիրը: Բա էլ ո՞վ, եթե ոչ Դուք»: Իսկ նման ձեւով արձագանքողներն ամենեւին Սերժ Սարգսյանի բարեկամները չեն: Նրանք պարզապես ամեն ինչի հետ համաձայնվող ստորադասներ էին:

Ինձ միշտ զարմացրել է ավանդական այն միտքը, թե իսկական բարեկամի «թեսթը» պետք է հանձնել միայն «նեղ օրերի» ժամանակ: Հակառակը՝ այդ պարագայում կարեկցելը, աջակցելը շատ ավելի հեշտ է, որովհետեւ սովորաբար սկզբունքայնություն ու որոշակի խիզախություն չի պահանջում: Շատ ավելի դժվար է մարդկանց աջակցել «լեն օրերի» ժամանակ՝ աջակցել ոչ թե գլուխները «տմբտմբացնելով» եւ բացականչելով «ինչպես միշտ, հանճարեղ էր, շեֆ ջան», այլ փորձելով հետ պահել սխալ քալերից: Իհարկե, դա պետք է անել հանդարտ, բարեկամաբար, սկանդալներ չհրահրելով, բայց առանց դրա բարեկամություն չկա:

Հետաքրքիր է, ՔՊ-ում, «Իմ քայլում» եւ մերձակա շրջանակներում կա՞ր որեւէ մեկը, որը ներկայիս վարչապետին կասեր, որ դատարանները շրջափակելը սխալ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Պ.Աբրահամեան ինձ կը թուի թէ դուք ՛՛շատ էք պահանջում՛՛ մեր ներկայ հասարակութենէն որ ըստ երեւոյթին չունի այն հասունութիւնը ըմբռնելու ձեր առաջարկած տեսակէտներուն բուն իմաստը; Ի հարկ է կայ ,բարեբախտաբար փոքրամասնութիւն մը որ կը նախնտրէ լուր մնալ ;Քառորդ դար կեղծիքով-կաշառքներով և սպառնալիքներով աճած մեծամասնութիւնը անորոշ վիճակի մէջ է թէ ինչ ուղղութիւն բռնէ , քանի ոչ բոլոր ՛՛նորերը՛՛ կը փայլին իրենց իմաստութեամբ -լաւ պիտի ըլլար քիչ խօսէին և արագ գործէին;

  2. Artur Lazarian says:

    Մեծարգոյ, յարգելի եւ սիրելի վարչապետ,
    ուշադրութիւն մի՛ դարձրէք զանազան քննադատութիւններից: Դուք միանգամայն ճիշտ ճանապարհով էք գնում: Հայ ժողովուրդը ծայրից ծայր աջակցում է իր սիրելի առաջնորդին: Սասուն Միքայէլեանից այլ բան սպասելի էլ չէր: Նա Հին Հայաստանի դասական ներկայացուցիչ է: Օր առաջ պէտք է կարգի բերել այս երկիրը եւ մենք մեծագոյն սիրով ընդունեցինք ձեր՝ դատարաններն արգելափակելու կոչը: Միայն հրամայէք՝ պատրաստ ենք ամէն ինչի:

    Յ.Գ. Ես լիովին հասկանում եմ այն հայհոյանքների տարափը, որ սփռւում է համացանցում: Ի վերջոյ 20 տարի քանդեցին այս երկիրը: Այդքանից յետոյ ի՞նչը շնորհաւորես:

    Յարգանքներով՝ Ձեր զինակից Արթուր

  3. henri says:

    Լիովին համաձայն եմ ձեր տեսակէտին,Պ Լազարեան -և այդպէս ալ կը յորդորեմ իմ համակիրներս – ես կողմնակից եմ որ մարդ չի յուսալքուի ՛՛ դէպքերու դանդաղութենէն ՛՛որ պէտք է վերագրել
    ՛՛ՓԱՇԻՆԵԱՆ երեւոյթի ՛՛ արմատական նորութենէն որ շատեր կը համարին որ ժամանակաւոր է միայն – ճիշդն ըսած յատուկ յարգանք մը ունիմ Պ,Աբրահամեանին հանդէպ որ ի հեճուկս շատերուն /նաև իր դասակարգի մարդոց/ ողջամիտօրէն կը ներկայացնէ մեր ներկայ իրաւիճակին պատկերը որ լաւատեսութիւն միայն կը ներշնչեն ;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031