Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում չի հարցաքննվել:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով էր հանդես եկել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Նրա հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք նաեւ, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր, եւ փաստաբան Սիրունյանն էլ իր հերթին նրա դեմ էր հանցագործության մասին հաղորդում ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։ Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղեկություններ չունի, թե արդյոք իր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:
«Իմ համար մեկ է՝ ի՞մ, թե՞ Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա է քրեական գործ հարուցվել»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ հնարավո՞ ր է, որ ձեր հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, պարոն Սիրունյանը պատասխանեց. «էդ կարգի գործը ո՞նց կկարճվի, այդ կարգի գործով քննչական լուրջ միջոցառումներ պետք է արվեն: Եթե իմ ասածն է ճիշտ, պետք է քննություն կատարվի, եթե պարոն Գրիգորյանն է ճիշտ, մեկ է՝ էլի պետք է քննություն կատարվի, ընդ որում՝ քննությունը պետք է նույն ուղղությամբ կատարվի: Այդ որոշումներն ինքն է գրել, ո՞նց է կարողացել 74 էջանոց որոշում գրել երկու օրում, ո՞նց է ծանոթացել 80 հատոր քրեական գործին, ո՞նց եղավ, որ երբ երկուշաբթի օրը, երբ դատարանների շենքերը փակ էին, ինքը որոշում է կայացնում՝ հերիք չէ, մի հատ էլ հայտնվում է Սահմանադրական դատարանում»:
Մեր հարցին՝ Դավիթ Գրիգորյանը ձեր ստատուսներին, որոնք համարել է սուտ մատնություն, արձագանքե՞ լ է այլ կերպ, բացի հաղորդում ներկայացնելուց, Սիրունյանը պատասխանեց. «Ինքը ո՞վ է, որ արձագանք տա, եթե Դավիթ Գրիգորյանի պեսն էնքան կա, որ 12 միլիոն հայություն է որոշում խառնել իրար իր անպատասխանատու որոշումներով, ինքը ո՞վ է, որ արձագանք տա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ