Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի չեմպիոններին դիմավորելիս․«Առաջվա նման չեմ արտասվում, գիտեմ, որ ոսկին Գյումրի են բերելու» (ֆոտոշարք)

Հուլիս 01,2019 23:11

Այսօր Գյումրի քաղաքի մուտքի մոտ մեծ ոգևորությամբ դիմավորեցին Եվրոպական մարզական երկրորդ խաղերում ոսկե մեդալներ նվաճած Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին և Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սան Արթուր Հովհաննիսյանին: Չեմպիոնների մուտքը քաղաք ազդարարվեց ավոտմեքենաների բարձր ազդանշաններով, կենդանի երաժշտությամբ։ Սկսվեց գրկախառնություն, սելֆիներ, շամպայների բաժակներ բարձրացրեցին՝ ի պատիվ նրանց։

Չեմպիոններին դիմավորելու էին եկել ինչպես քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այնպես էլ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։

Շիրակի մարզպետը մոտենում էր կանգնածներին, բոլորին ձեռքով բարևում ու շնորհավորում էր։ Իսկ Սամվել Բալասանյանին վերջին շրջանում դժվար թե որևէ մեկը տեսած լիներ այդքան բարձր տրամադրությամբ․ չեմպիոնների քաղաքի քաղաքապետը չէր կարողանում զսպել հուզմունքը: Չեմպիոններին սպասելիս՝ հրճվանքից ինքն իրեն բարձրաձայն խոսում էր, օրհնում նրանց ու լրագրողներին հարցնում․ «Տեսնեք երկրագնդի վրա կա՞ այսպիսի քաղաք, որ այսքան փոքր լինելով՝ այսքան շատ չեմպիոններ տա»։

Aravot.am-ը Սամվել Բալասանյանին հարցրեց՝ խաղերին հետևելիս ի՞նչ ապրումներ ուներ, լարվե՞լ է, արտասվե՞լ է։ «Սկզբում կարող է ուրախության արտասուք լիներ, բայց հիմա միայն հպարտություն եմ զգում, գիտեմ, որ կրելու ենք, տանելու ենք։ Շատ բարձր է այսօր տրամադրությունս, այսպիսի քաղաք, այսպիսի հրաշք սպորտսմեններ, մարզիկներ, մարզիչներ․․․ Նման փոքր քաղաքում միանգամից երեք չեմպիոն ունենալ, պատկերացնո՞ւմ եք սա։ Ունենք նաև երկրորդ տեղ․․․ Երկրորդ, երրորդ տեղերի մասին է՛լ չեմ խոսում։

Երեք չեմպիոն ու նաև բռնցքամարտիկ, գիտեք, որ ես Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն եմ և նման հաջողության սպասել եմ, վերջապես մեծ հաջողություն բերեցին և՛ Հովհաննես Բաչկովը և՛ նաև Արթուր Հովհաննիսյանը, որը հրաշք գործեց և կարողացավ դառնալ չեմպիոն։ Սա ապացույցն է այն բանի, որ Գյումրին կա ու սպորտային մայրաքաղաք է»,- ասաց քաղաքապետը։

Չեմպիոնների քաղաքի քաղաքապետը նաև ասաց, որ սրանով ապացուցեցին մի բան․ Գյումրիին անհրաժեշտ է սպորտային մեծ պալատ։

«Եթե մենք այսպիսի մարզադահլիճներով այսպիսի արդյունք ունենք, եթե ունենանք սպորտային մեծ պալատ, պատկերացրեք ինչ կլինի։ Մենք ունեցել ենք օլիմպիական յոթ չեմպիոն, ունեցել ենք հաջողություններ և դեռ կունենանք, և դա վարակի պես տարածվում է նաև պատանիների վրա, տեսա՞ք պատանիները ևս մեծ հաջողությամբ վերադարձան հունահռոմեականով», -ասաց Սամվել Բալասանյանը։

Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն էլ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչքան մարզադպրոցների վիճակը թշվառանում է, ոսկին այդքան շատանո՞ւմ է, ասաց․ «Մեկ-մեկ ես էլ եմ մտածում ու հիշում Մեծ Ջիվանու խոսքերը, որ ասում է՝ ապտակով սնված տղեն առանց աստիճանի չի լինի։ Այսինքն՝ այն երեխան, որն ապտակ է կերել փոքր ժամանակ, մեծացել, ավելի մեծ աստիճանի է հասել։ Նույնը երևի մեզ մոտ է՝ սպորտում, ինչքան պայմանները վատ են, այնքան արդյունքները լավ են։ Ես կասեի առաջին հերթին արդյունքները ոչ թե պայմանների հետ են կապված, այլ կապված են գյումրեցու թասիբի հետ, մարզիչների լավ աշխատանքի հետ»։

Հովհաննես Բաչկովը լրագրողներին ասաց, որ գնացելու էին հաղթելու նպատակով ու նպատակին հասած եկել են։ Խոսելով սպորտդպրոցի վատ պայմաններից՝ չեմպիոնն ասաց, որ ցանկալի կլիներ լավ պայմաններում մարզվել, բայց, ըստ նրա, ամենակարևորը դա չէ, այլ լավ մասնագետների առկայությունն է։

Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ ոսկե մեդալ նվաճելն իր երազանքն էր, որն իրականացավ։ Նա ասում է, որ իր մրցակիցները շատ ուժեղ էին, բայց նրանից առանձնացնում է կիսաեզրափակիչում Իռլանդիան ներկայացնող սպորտսմենին։ Արթուրն ասաց, որ հաղթանակը նվիրում է ծնողներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031