– Պարոն Ավանեսյան, կխնդրենք համառոտ ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 20-ին:
– Հունիսի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեն Մանկավարժական համալսարանում հրավիրել էր քննարկում՝ իմ ասպիրանտ Մարատ Դուրյանի պաշտպանած ատենախոսության շուրջ բարձրացրած աղմուկի համար: Պարոն Խուդոյանը Մարատ Դուրյանի պաշտպանության օրը պնդում էր, որ այդ ատենախոսությունում ներկայացվել են մեջբերումներ, որոնք չունեին չակերտներ, այսինքն՝ գրագողություն են համարվում: Նշեմ, որ մեջբերումներն ունեին հղումներ, և բոլորը ռուսերենից հայերեն թարգմանություններ էին:
Պաշտպանության օրը, լսելով Խուդոյանի փաստարկները, խորհրդի անդամներն անցկացրին փակ քվեարկություն, և 9 հոգուց 8-ը քվեարկեցին կողմ, միայն պարոն Խուդոյանը դեմ քվեարկեց: Խորհրդի ներկայացուցիչները, բացառությամբ Խուդոյանի, միակարծիք էին, որ Մարատ Դուրյանի ատենախոսությունը պարունակում է գիտական նորույթ, արդիական է, ինքնուրույն և համապատասխանում է ԲՈԿ-ի բոլոր պահանջներին:
Պաշտպանությունն ավարտվելուց հետո պարոն Խուդոյանը սկսում է մի մեծ, ակտիվ գործունեություն ֆեյսբուքյան էջերում՝ քննադատելով խորհրդի անդամներին, ընդհուպ մինչև նրանց անվանում է անբարոյական, գիտնականների ոհմակ, որ թույլ են տվել այդ ատենախոսությունը պաշտպանվի: Այդ ամենը չի սահմանափակվում սոցցանցով: Պարոն Խուդոյանը բողոք է գրում վարչապետին, և աշխատակազմի ղեկավարը պատասխանում է նրա բողոք դիմումին՝ հիմնվելով ԲՈԿ-ի պատասխանի վրա:
Կարդացեք նաև
Պարոն Խուդոյանը շարունակում է փորփրել այդ ատենախոսությունը և նոր նյութեր է ներկայացնում ԲՈԿ-ին, որի մասին ես և իմ ասպիրանտը տեղեկանում ենք ոչ թե պաշտոնական, այլ նրա ֆեյսբուքյան էջից: Ելնելով այդ ամենից, որ նոր նյութեր են իբր ի հայտ եկել, ԲՈԿ նախագահ պարոն Գոգյանը հայտարարում է բաց քննարկում՝ ոչ ստանդարտ, անսովոր ինչ-որ մի միջոցառում, որտեղ հրավիրվում են այդ օրվա պաշտպանության խորհրդի անդամները, ընդդիմախոսները և Մանկավարժական համալսարանի գիտնականներ: Հանդիպման նպատակն էր պարզել Խուդոյանի ներկայացրած փաստարկների ճշմարտացիությունը: Նիստը վարում էր Գոգյանը, ով, մի կարճ նախաբանից հետո, խոսքը տվեց Խուդոյանին: Նա ներկայացրեց իր նոր փաստերը: Այնուհետև խոսքը տրամադրեցին ինձ, և ես հանգամանալից փորձեցի բացատրել, որ դա գրագողություն չի, եթե առկա է հղումը և էջը, որտեղից արվել է թարգմանությունը: Խուդոյանն, այնուամենայնիվ, պնդում է, որ դա գրագողություն է, խայտառակ ենք լինելու աշխարհով մեկ, թե ո՞ր աշխարհի մասին է խոսքը, ես չգիտեմ:
Իմ ելույթից հետո ելույթ ունեցավ Մարատ Դուրյանը, որը կետ առ կետ, էջ առ էջ պարզաբանեց այն ամենն, ինչը Խուդոյանի կարծիքով գրագողություն էր: Այդ օրվա խորհրդի նախագահ, Սլավոնական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանը, Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Արսեն Լոքյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Բաբայանը հանդես եկան խոսքով և նշեցին, որ իրենց կարծիքի տերն են մնում և դրական արձագանքում աշխատանքին: Վերջինս մի շատ կարևոր դիտարկում արեց նաև այն մասին, որ ինքը և մի շարք այլ գիտնականներ պարոն Խուդոյանից էլեկտրոնային հասցեով ստացել են նյութեր, որոնց մեջ գրված է, որ ոչ միայն իր նշած հատվածներն են գրագողություն, այլև՝ ատենախոսության գիտական նորույթն ու վարկածը: Հետո մեջբերում է ինչ-որ անհեթեթ ռուսական հոդված, որը ոչ մի կապ չունի ատենախոսության ո՛չ նորույթի, ո՛չ վարկածի հետ. կեղծիք է: Այդ կեղծիքին էլ Մարատը պատասխանի մեջ անդրադարձել էր, ինքն էլ էր այդ նյութը տեսել ու ինտերնետից տպել:
Պարոն Խուդոյանն, ի պատասխան այս ամենի, սկսեց անհեթեթ բաներ ասել, որ դա սխալմունք է, դրան չի վերաբերում, նա չգիտի՝ ոնց է դա այդտեղ հայտնվել: Չնայած պարոն Խուդոյանի ներողություն խնդրելուն՝ ես դա ներողություն չեմ ընդունում: Ես դրանում միտումնավոր քայլ եմ տեսնում: Նա դա առավոտյան ուղարկել էր, որ ներկա մարդկանց մոտ դիրքորոշում ստեղծի: Այն դեպքում, երբ գիտական նորույթի, ընդհանրապես ատենախոսության որակի մասին ոչ ոք ոչինչ չի ասում, դրան կասկած անգամ չկա:
Այդ օրվա ավարտը եղավ այն, որ ԲՈԿ նախագահ Գոգյանը հունիսի 24-ին, ժամը 3-ին ինձ և Խուդոյանին հրավիրեց ԲՈԿ՝ նյութերն ուսումնասիրելու: Չակերտ դնել-չդնելը՝ օրակարգում քննարկվելիք նյութ դարձավ, և մենք պետք է ներկայացնեինք, թերևս, վերջին 10 տարվա աշխատանքներ, որոնցում ևս առկա են նման տեխնիկական հարցեր և փաստեինք, որ այդ ամենի համար պետք չէ ասպիրանտին զրկել կոչումից:
-Պարոն Ավանեսյան, ինչպե՞ս ընթացավ այդ հանդիպումը:
-Խուդոյանը հանդիպմանը չներկայացավ: Ես 20 րոպեից ավելին սպասեցի նրան, սակայն ապարդյուն: Վերջում խնդրեցի պարոն Գոգյանին ընդունել ինձ և ասացի, որ իմ թղթապանակում ես ունեմ վերջին տասը տարիներին պաշտպանված ատենախոսությունների վերաբերյալ այդպիսի դրվագներ: Այն աշխատանքները, որոնցում չկան չակերտներ ընդհանրապես, բայց կան մեջբերոմներ ռուս հեղինակներից, այդ թվում կան ատենախոսություններ, որոնց ղեկավարը Խուդոյանն է, այլ պրոֆեսորներ, որ չդիտարկվի թե միատեսակ ձեռագիր եմ տարել: Ընդունված է եղել խորհրդում, որ այդ հարցը չենք կարևորել, և ասպիրանտները դրան տեղյակ են եղել:
Եթե որևէ տեղ ֆիքսված է, որ ռուսերենից թարգմանելու դեպքում պետք է պարտադիր լինեն չակերտներ, ապա ես չեմ կարծում, որ ասպիրանտի համար դժվար է չակերտ դնելը. նա կդնի՝ իմանալով, որ դրանով պաշտպանված է ավելի:
Համենայնդեպս ապացուցվեց, որ կա այդ ավանդույթը, և խոսակցությունն էլ չշարունակվեց, իսկ Խուդոյանը այդպես էլ չժամանեց:
– Պարոն Ավանեսյան, արդյոք Սամվել Խուդոյանի արարքները պայմանավորված են Ձեր անձո՞վ, թե՞ նա պայքարում է երևույթի դեմ:
-Ինքը պնդում է, որ անձի հետապնդումով չի զբաղվում, այլ երևույթի դեմ է պայքարում: Նշեմ, որ ես չեմ ընդունում, որ մեկ մարդ պետք է երևույթի դեմ պայքարի: Դրա համար կա հանրություն: Միտումը, եթե վերլուծենք վերջին մի քանի տարիները, ապա կտեսնենք, որ այո միտումը թիրախային է: Նպատակը դժվարանում եմ ասել՝ ո՞րն է, և չեմ էլ ուզում մտածել: Ես իմ աշխատանքն ունեմ, իմ դիրքն ունեմ և՛ հանրապետության հոգեբանության դաշտում, և՛ միջազգայինում: Ի՞նչ է անընդհատ հետապնդում և ինչու՞ իմ ղեկավարած աշխատանքից, անկեղծ չգիտեմ: Ոչ մի անգամ չի անդրադարձել, չենք լսել օրինակ Մանկավարժական համալսարանի ատենախոսությունների մասին, բայց իմ տարած ցուցակում բազմաթիվ էին նաև այնտեղի աշխատանքների օրինակները:
– Պարոն Ավանեսյան, Ձեր կարծիքով ե՞րբ հարցը վերջնական լուծում կստանա:
– ԲՈԿ-ը ինչ-որ ժամկետներ ունի, բայց ինչպես իրավաբաններն են ասում ՝ ողջամիտ ժամկետներում (ծիծաղում է-Լ.Օ.): Թե ո՞րն է այդ ժամկետը, դժվարանում եմ ասել, բայց փաստերը հօգուտ մեզ են: Պարոն Խուդոյանն ամեն գնով ցանկանում է ցույց տալ արդարության ջատագովի կամ պայքարողի իր կերպարը: Ինքը գիտի, որ արդեն ձանձրացրել է բոլորին: Ամեն դեպքում, եթե ուզում է, թող հետամուտ գտնվի, որ մեր դաշտը կանոնակարգվի, և մենք մեր համբավը այլ ոլորտների գիտնականների մոտ վերականգնենք, ոչ թե ով մեզ տեսնի, հարցնի՝ ի՞նչ եղավ գրագողության թեման, ի՞նչ եղավ չակերտների թեման, վաղն էլ կասեն՝ ստորակետների թեման:
Նա հանդիպմանը երդվում էր՝ իր ասածները ճիշտ են, իսկ ես փաստեր էի բերում. սա էր մեր տարբերությունը: Ես վստահ եմ, որ ես ու իմ ասպիրանտը մինչև վերջ պնդելու ենք, որ այդ ատենախոսությունն արժանի է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի:
Զրուցեց Լիլիանա ՕՍԻՊՅԱՆԸ
Հ.Գ. Պատրաստ ենք հրապարակել նաեւ պարոն Խուդոյանի տեսակետը: