Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։
Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը նշված բնագավառներում։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ ունեն։ Նշելով, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպով զարգանում է՝ Հանրապետության նախագահը նկատել է, որ տեխնոլոգիաների զարգացման բնագավառում Բելառուսի փորձը կարող է հետաքրքիր ու օգտակար լինել։ «Այսօր ես այցելեցի Բարձր տեխնոլոգիաների պարկ, որը բավականին տպավորիչ էր։ Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության։ Գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն առանց կրթության չի կարող լինել»,-ասել է նախագահը։
Նշելով, որ ամբողջությամբ սատարում է երկու երկրների կրթական գերատեսչությունների միջև համագործակցությանը, Արմեն Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների, մասնավորապես գիտական, ինժեներական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին և նշել, որ ուրախ կլինի այդ ձևաչափում նույնպես համագործակցել բելառուսական ընկերությունների հետ։
Կարդացեք նաև
Համալսարանի պրոռեկտոր, ակադեմիկոս Օլեգ Իվաշկևիչն այնուհետև ներկայացրել է համալսարանի՝ գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը։
Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:
ՀՀ նախագահի աշխատակազմ