«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն, որը ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի համագյուղացին է, մանրամասնորեն չի հետեւում գեներալի դատավարությանը եւ նրա`առողջական վիճակի եւ կալանքի տակ մնալու զարգացումներին:
Պատգամավորից հետաքրքրվեցինք`վերջին անգամ սալյակով, դատարանում անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ թթվածին տալ նրան, պաշտպաններն էլ անընդհատ հայտարարում են, որ իրենց պաշտպանյալին խոշտանգում են, նման դիմում են ներկայացրել ՄԻԵԴ, իր կարծիքով, սա ճի՞շտ մոտեցում է: «Դատախազությունը պնդում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները համատեղելի են կալանքի հետ: Եթե դա այդպես չէ, բնականաբար, նույնիսկ ապացուցված հանցագործությունների դեպքում, անընդունելի է: Բայց այս պարագայում վստահությամբ եմ վերաբերվում դատախազության պնդմանը»,- ասաց նա` հավելելով, որ միգուցե Մանվել Գրիգորյանն իսկապես դժվար է քայլում, բայց դա անհամատեղելի չէ կալանքի հետ:
Մանվել Գրիգորյանի պաշտպանների` խոշտանգումների մասին պնդումներին, Թագուհի Ղազարյանն այսպես է արձագանքում. «Պաշտպանները միշտ սուբյեկտիվ մոտեցում պետք է ցույց տան, բայց պետք է ուսումնասիրել եւ հասկանալ, թե ո՞ր կողմի դիրքորոշումն է իրավացի: Բայց ես չեմ կարծում, որ այսօրվա Հայաստանի հանրապետությունը մարդասպան պետություն չէ»:
Թագուհի Ղազարյանը Մանվել Գրիգորյանի համագյուղացին է: Հետաքրքրվեցինք`իրենց համագյուղացիներն ի՞նչ են մտածում դատավարության մասին: «Բացասական վերաբերմունք կա Մանվել Գրիգորյանի նկատմամբ, նկատի ունենալով անցյալ տարիների հարաբերությունները: Առանձնապես սրտացավորեն չեն վերաբերվում այդ ամենին, ինչը, իհարկե, ցավալի է, քանի որ որքան էլ անձնական վիրավորվածություն ունենաս, այնուամենայնիվ մարդու կյանքի հետ գործ ունենք»,- եղավ պատասխանը:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս, ինչո՞վ կխանգարի Մանվել Գրիգորյանը դատավարության ընթացքին, եթե ազատության մեջ լինի` հարցին , պատգամավորն ասաց, որ չի կարող ասել: Բայց, ի նկատի ունենալով նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը, ինքը կարծում է, որ հենց Մանվել Գրիգորյանի համար անվտանգ չի դարձնում նրա ազատության մեջ լինելը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ