Ալեքսանդր Իրադյանի ստեղծագործությանը ծանոթանալու առաջին հնարավորությունս 2014 թվականին էր, երբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել էր Իրադյանի «Ինքնասպանի գրառումներ» ալտերնատիվ փսիխոդրաման։ Բալետային այդ ներկայացումից տպավորված էի շատ։ Դրանից հետո Ալեքսանդրի մասին այլևս չլսեցի, ավելի ուշ իմացա, որ տեղափոխվել է Եվրոպա՝ կրթությունը շարունակելու։ Սրանից մի քանի օր առաջ Օպերայի հարակից տարածքում տեսա պոստերը, որն ազդարարում էր Իրադյանի նոր համերգը։
Հունիսի 27-ին Կամերային երաժշտության տանը՝ Կամերային պետական նվագախմբի և «Հովեր» կամերային երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգը, որին ներկա էի։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, ում մինչ այդ երբևէ դիրիժորի դերում բախտ չէի ունեցել տեսնելու (չհաշված բալետը, որ ժամանակ ուշադրությունս պարողներին էր ուղղված)։ Համերգի սոլիստը՝ դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն էր, որ նույնպես ժամանել էր Գերմանիայից։ Ավելի ուշ իմացա, որ դաշնակահարը հենց այն մեկն էր, ով տարիներ առաջ Օպերայի բեմում նվագում էր Իրադյանի հետ միասին։
Համերգային ծրագրում ընդգրկված էին Մալերի, Չայկովսկու և Միրզոյանի ստեղծագործությունները։ Ես անհամբեր էի Իրադյանի նոր ստեղծագործությունը լսելու, որը կոչվում է TESTIMONIUM («Վկայություն»): Ալեքսանդրն այս ստեղծագործությունը նվիրել է հոր՝ Մելքոն Իրադյանի հիշատակին, որը օրգանական քիմիայի գծով գիտնական էր, առաջինը, որ Անկախ Հայաստանի պատմության մեջ ստացավ ոլորտի դոկտորի կոչումը (ազդարարվեց համերգի սկզբում)։
Ես չունեմ երաժշտական կրթություն, ոչ էլ կարող եմ հստակ ասել, թե մասնագիտական շրջանակներում ինչպես է ընդունվելու Իրադյանի TESTIMONIUM ստեղծագործությունը, բայց ափսոսում եմ բոլոր նրանց համար, ովքեր այս երաժշտությունը լսել չկարողացան։ Ստեղծագործությունը գրված է լարայինների, երգչախմբի և դաշնամուրի համար։ Ահաբեկող սկիզբը մեջդ տագնապ է առաջացնում (համերգի սկզբում արդեն նշվել էր, որ ստեղծագործությունը վկայություն է 90-ականների՝ Ղարաբաղյան պատերազմի, դրան նախորդող երկրաշարժի, շարժման և անկախության սկզբնավորման), հետո երգչախմբի կատարումը պոկում է քեզ տեղից, անհանգստությունդ ու սարսուռդ մեծանում են։
Կարդացեք նաև
Տպավորիչ ու անսպասելի էր այն պահը, երբ երգչախումբը շշուկով երգելով բեմից հեռանում է, ապա հայտնվում համերգասրահի աջ և ձախ բալկոններում ու այնտեղից շարունակում մինչև վերջ․․․ Իսկ երգվող տեքստը լատիներենով է։
Իրադյանի նոր ստեղծագործության ստեղծման և բովանդակության մանրամասների համար կապ հաստատեցի վերջինիս պրոդյուսեր Անուշ Քոչարյանի հետ, որը տեղեկացրեց՝ գործը գրվել է 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին․ «Ալեքսանդրը Հայաստանում էր դեկտեմբերին, ցավոք շատ վատ առիթով։ Ինչպես համերգի բուն ընթացքին նախորդող տեքստից արդեն տեղյակ եք, մեծ կորուստ էր ունեցել անցյալ տարվա վերջին։ Այս ստեղծագործությունն այդ իմաստով վերարժեքավորման և վերանայման հարց էր դրել Ալեքսանդրի առաջ։ Գրվեց մի ստեղծագործություն, որի բովանդակությունը իր և իր հոր՝ Մելքոն Իրադյանի զրույցների, հարաբերությունների, հիշողությունների արդյունքն էր»,- նշում է Անուշը և մանրամասնում ստեղծագործության բովանդակային բաժանումները, որը ներկայացնում ենք ստորև։
Նախանվագը ներկայացնում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ողբերգական տրամադրությունը, 2-րդ մասը՝ «Dominus» (Աստված (Տեր)) միասնականության և ինքնագիտակցության՝ համազգային շարժման ազդարարումն է։ 3-րդ մասը՝ «Ora pro nobis»-ը (Աղոթեք մեզ համար) «մութ ու ցուրտ» տարիների ապրումների ամբողջականությունն է, 4-րդ մասը՝ պատերազմական (Արցախյան) բուն ընթացքի դրամատիկ հաջորդականությունն է։ Ստեղծագործությունն ամփոփվում է «Agnus Dei» (Գառն Աստծո)`հույսի և վերահաստատման հստակ տրամադրությամբ։
Ալեքսանդր Իրադյանի համար այս ստեղծագործությունը խիստ կարևոր է․ ինչպես ինքն է նշում․ «Այն հնարավորություն է տվել անդրադառնալու մի նյութի, որը ապրել, սակայն չի գիտակցել»։
Գիտակցման և վերջնավորման՝ արդեն վկայության տեսքով ստեղծված երաժշտական ստեղծագործության մասին նշում է․ «Ցանկացած նոր ստեղծագործություն իր յուրահատուկ արժեքն ու արժանիքներն ունի, սակայն TESTIMONUM-ի դեպքում ինձնից պահանջվեց կրկնակի, եռակի կուտակում, պահանջվեց մեծ ուժ, որպեսզի ես կարողանամ վկայել այն, ինչ հայրս է ինձ փոխանցել․․․ Իսկ հայրս այդ վկայությունը հնչեցրել է պարբերաբար։ Հուզականությունը, որն ուղեկցվել է գրելու ողջ ընթացքում, աննկարագրելի էր… Այդ նույն հուզականությունը էլ ավելի մեծ չափաբաժնով փոխանցվեց արդեն Բեռլինից ժամանելուց հետո, երբ սկսեցի փորձերը։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանին և Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանին, Կամերայինի ողջ անձնակազմին, ովքեր վստահեցին ինձ, համաձայնեցին իրականություն դարձնել գաղափարը, որն ինձ համար շատ կարևոր էր»։
Հետգրություն։ Կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը ծնվել է 1990 թվականին, Երեւանում։
Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում (Անահիտ Կոստանյանի դասարան), բարձրագույնը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյան), ապա 2015 թվականին ընդունվել է Բելգիայի Թագավորական կոնսերվատորիա (ղեկավար՝ պրոֆեսոր Ֆիլիպ ժերար), որտեղ ուսումը կիսատ է թողել՝ մեկնելով Բեռլին։ 2016 թվականին ընդունվել է Բեռլինի բարձրագույն արվեստների համալսարան (UDK), որն ավարտել է դիրիժորի որակավորմամբ (ղեկավար՝ պրոֆեսոր Սթիվեն Սլոան)։
21 տարեկանում արդեն մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր էր․ Եկատերինբուրգի (Ռուսաստան) դաշնամուրային միջազգային մրցույթում արժանացել է Grand-Prix-ի, «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթում՝ Առաջին մրցանակի։ Ստեղծագործությունները հնչել են Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Սլովենիայում և այլն։
Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը համագործակցել է (ղեկավարել) Komische Oper Berlin, Brandeburger Symphoniker, Bochumer Symphoniker, Magdeburg Philharmonie, Brandenburgisches Staatsorchester Frankfurt, Cottbus Oper և այլ նվագախմբերի հետ:
2018-ի հունիսին նշանակվել է Բրյուսելի ASE (AGBU String Ensemble – Brussels) լարային անսամբլի գլխավոր դիրիժոր։
2016 թվականից Իրադյանը ապրում և ստեղծագործում է Բեռլինում։
Վիկտորյա ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Իրադյանի պրոդյուսեր Անուշ Քոչարյանը։ Լուսանկարները` Պետեր Ադամիկի եւ Վահե Վահունու։