«Այս կարեւոր խնդրի մասին խոսել եմ Եվրոպայի խորհրդում, որտեղ կարծես թե ունեմ որոշակի համախոհներ: Իրենք ինձ միանալու են, որպեսզի Եվրոպայի խորհրդում առաջիկայում ստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին, ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ դեռեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիան՝ վավերացված ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից, արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը պատճառ չէ՝ այդ տարածքում ապրողների կրթական իրավունքը ոտնահարելու համար:
«Խոսքը վերաբերում է նաեւ Արցախի ուսանողների կրթական իրավունքին, նաեւ՝ առողջապահական իրավունքին, որը մեծապես ոտնահարված է: Եվրոպայի խորհրդում չպետք է լինեն սեւ խոռոչներ եւ անձինք, որոնց իրավունքը պաշտպանված չէ: Կարծում եմ՝ կկարողանանք ստեղծել այդ աշխատանքային խումբը, որը չճանաչված պետությունների, այդ թվում՝ Արցախի ուսանողներին հնարավորություն կտա կրթական իրավունքն իրացնել եվրոպական տարածքում: Ի դեպ, նաեւ նրանց դիպլոմների չճանաչված լինելու խնդիր կա, որի պատճառով նրանք դուրս եմ մնում Բոլոնիայի կրթական ծրագրերից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի կոպտագույն ոտնահարում է»,-արձանագրեց Նաիրա Զոհրաբյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ