Ռիչարդ Կավալեւսկին Լեհաստանի նկարիչների միության նախագահն է: Նա Հայաստան է եկել Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում անցկացվող Արվեստի միջազգային փառատոնի շրջանակում, որի նախաձեռնողը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է:
Ռիչարդ Կավալեւսկին նշեց, որ երրորդ անգամ է այցելում Հայաստան եւ իր խոսքերով, բարեկամություն է անում Գդանսկի հայկական միության հետ. «Մեր բարեկամությունը շատ է ամրացել, հանդիպել ենք նաեւ Հայաստանի նկարիչների միության նախագահի հետ, որոշել ենք համագործակցել»:
Լեհաստանի նկարիչների միության նախագահը պատմեց, թե ինչպես է սկսվել իր եւ Գագիկ Պարսամյանի բարեկամությունը: «Գագիկը Լեհաստանի նկարիչների միության անդամ է, առաջին հերթին այդպես ենք ծանոթացել: Նաեւ նրա ջանքերով Լեհաստանում կայացել է Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը, ապա հայկական արմատներով Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը` Հայաստանում: Գագիկը շատ մեծ պարգեւի է արժանացել Լեհաստանում` Լեհաստանի նախագահի մրցանակակիր է: Նրա հետ հաճույքով ենք համագործակցում»,-ասաց լեհ նկարիչը:
«Այս անգամ եւս հիացած եմ հայաստանյան այցելությամբ: Այս պլեները տարբերվում է նրանով, որ մենք սարերում էինք նկարում, իսկ ես սարեր շատ եմ սիրում, ինձ էլ համարում եմ Պարսամյան ընտանիքի անդամը»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Գագիկ Պարսամյանը նշեց, որ նկարիչների այս հավաքը սովորական պլեներ չէ, այլ արվեստի փառատոն: Նրա խոսքերով, բոլորը հիացած են Տեղերի հրաշագեղ բնությամբ եւ իր եղբոր` բրուտագործ Ալբերտ Պարսամյանի ստեղծած այգիով ու մշակութային միջավայրով, որտեղ անցնում է միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին նաեւ Արագածոտնի մարզպետը, Աշտարակի քաղաքապետը եւ Տեղերի գյուղապետը: Ներկա էր նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են մեր երկրի վերաբերյալ տեղեկատվության արտահանմանը, շատ կարեւոր են: Հայ մարդը, անկախ նրանից Հայաստանում է ապրում, թե դրսում, իր ստեղծարար մտքի շնորհիվ, լավ ազդակներ է ուղարկում գերատեսչություններին, որ զգոն լինեն: Առհասարակ մասնավոր հատվածի ստեղծարարությունը շատ կարեւոր է: Այստեղ այժմ հրաշալի միջավայր է, հրաշալի մթնոլորտ»,-ասաց նախարարի տեղակալը:
Հավելենք, որ փառատոնն անցկացվում է Հայաստանի նկարիչների միության հովանու ներքո, կազմակերպիչներն են Գդանսկի հայկական միությունը եւ Տեղերի բրուտագործական կենտրոնը, աջակցել է նաեւ «Արմենիա Վայն» ընկերությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ