ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւս Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է հակահայկական ելույթներ ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ անգամ շրջակա միջավայրին առնչվող հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակները խոսում են «օկուպացիայի» մասին. «Մենք մեր ելույթներում կոչ արեցինք դադարեցնել այդ ամենը: Հասկանում ենք, որ կոռումպացված երկիր եք, բայց չի կարելի բոլոր հանցագործություններում մեզ մեղադրել: Նրանք համարժեք պատասխաններ են ստացել ու դրանից նյարդայնացել ոչ միայն ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում, այլեւ հարակից միջոցառումներում»:
Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով. «Ադրբեջանի պատվիրակներն իրենց դիվերսանտներին փորձում էին որպես գերի ներկայացնել: Նշել եմ հստակ, որ այդ մարդիկ հանցագործ են, եւ մեր խոսքը տեղ է հասել: Եթե նման խոսակցությունները վերածվեն վիճաբանության, հավատացեք, որեւէ եվրոպացի պատվիրակ չի էլ լսելու նրանց փաստարկները: Երբ նրանք խոսում են, պատվիրակների մեծ մասը դուրս է գալիս, քանի որ նույն «պլաստինկան» է պտտվում: Իրենք ստացել են ստանում են մեր պատասխանները, բայց՝ փաստարկված: Մենք իրենց մակարդակին չենք իջնում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ