Հունիսի 19-ից Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում մեկնարկել է Արվեստի միջազգային փառատոնը, որի նախաձեռնողը Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է: Ընդհանուր առմամբ 6 երկրից 16 նկարիչ է մասնակցում այդ գունեղ փառատոնին:
Ի թիվս այլոց, 10 լեհ նկարիչներ ժամանել են Հայաստան, եւ նրանց թվում է նաեւ Մարեկ Վրոբելը, որն առաջին անգամ է Հայաստանում:
«Հիացած եմ, կարծում եմ` էլի կգամ Հայաստան: Մինչ ձեր երկիր գալը Հայաստանի մասին գաղափար չունեի, բայց որոշել էի, թե ինչ պետք է նկարեմ: Արդեն Հայաստանում ինձ համար աշխատելը ոչ միայն հաճելի է, այլեւ հետաքրքիր, ես մեծ Հայաստանից էներգիա եմ ստանում, ինչն ինձ օգնում է ստեղծագործել: Ինձ համար այս պլեներին մասնակցելն իսկական իրադարձություն էր»,-ասաց Մարեկ Վրոբելը:
Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը ներկայացնել իր հայրենակիցներին, Մարեկ Վրոբելը պատասխանեց. «Սկզբում, երբ լսում էինք Հայաստանի մասին, պատկերացնում էինք կոնյակ, ծիրան, եւ պարզապես արեւոտ երկիր, իսկ հիմա ամեն ինչ մեր աչքերով տեսաք, կարող եմ նշել, որ հրաշալի երկիր է` հուշարձաններ, խաչքարեր, հինավուրց եկեղեցիներ, տեսարժան վայրեր ու հարուստ պատմություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ