ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հետ կապված վարչապետի հանձնարարականը ինչո՞ւ չեք կատարում, ի՞նչ փուլում է դա, պատասխանեց. «Ո՞վ է ասում չի կատարվում: Ավելի համապարփակ լուծում է տրվել: Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիա, այլ իրականացնելու է շատ ավելի ընդգրկուն գործառույթ»: Անանյանն ասաց, որ դրա մեկնարկը տրվել է ու դա մի քանի ամսվա գործ չի, տարիների ընթացքում կլինի:
Նա ասաց, որ ժամանակի ընթացքում Երեւան քաղաքից մաքսային ձեւակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսիսային եւ հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական սպասարկման կենտրոններ, որը մեկ տանիքի ներքո կենտրոնացնելու է արտաքին տնտեսական գործառույթները. «Եթե համարում եք, որ դա եւ վարչապետի հանձնարարականը իրար հետ աղերս չունեն, դա ուղղակի մտքի թռիչքի ինչ-որ շրջանակներից է»:
Դավիթ Անանյանը նշեց նաեւ, որ Շիրակի՝ հյուսիսայինի կենտրոնի վայրն արդեն ընտրված է: Ֆինանսական միջոցները հավանաբար կլինեն դոնորների եւ վարկային միջոցների հաշվին. «Նախնական հաշվարկով 19-21 մլն դոլարի շրջանակներում կլինի յուրաքանչյուր կենտրոնը»:
Թե ինչ են անելու Երեւանի մաքսատան հետ՝ Դավիթ Անանյանն ասաց, որ դա վարձակալած տարածք էր, ումի՞ց էին վարձակալել, Սամվել Ալեքսանյանի՞ց՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ոչ, Սամվել Ալեքսանյանինը չի»: Նա ասաց, որ վարձակալի անունը չի հիշում, երբ հուշեցինք՝ գուցե Սամվել Ալեքսանյանի կնո՞ջ անունով է՝ Շողերի՝ նա պատասխանեց. «Դուք կարծում եք, ես բոլոր վարձակալների անունները անգիր հիշո՞ւմ եմ: Հնարավոր է, կարծեմ Շողերինն է, այո»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ