Aravot.am-ը այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ ձեր հարաբերությունները փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ շահարկման առարկա են դառնում, նա ձեզ որեւէ կերպ օգնո՞ւմ է մնալ այս պաշտոնում եւ առհասարակ, ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները: Արթուր Դավթյանն ի պատասխան՝ այլ լրագրողների հորդորեց լուսանկարել մեզ: Նա ասաց. «Կողքից մի հատ կարո՞ղ եք լուսանկարել ինձ իր հետ»: Մեր զարմանքին՝ ինչո՞ւ՝ նա պատասխանեց. «Որ մերն էլ սկսեն խոսել, որ շահարկման առարկա դառնա»:
Ըստ նրա, այդ քննարկումները սկսել են մի լուսանկարից: Ճշտեցինք՝ չունե՞ք մտերմիկ հարաբերություններ, նա ձեզ որեւէ կերպ չի՞ օգնում՝ Դավթյանը պատասխանեց. «Մտերմիկ հարաբերություն ես բազում մարդկանց հետ կարող եմ ունենալ: Բայց ցանկացած իմ մտերիմ, փառք ու պատիվ իրենց, շատ լավ գիտեն, որ դա աշխատանքից դուրս Դավթյան Արթուր մարդու մտերիմներն են: Պաշտոնական գործունեության մեջ մտերիմներ չկան»:
Երբ լրագրողները հարցրեցին, թե ինչի՞ արդյունքում է, որ դատախազությունից արտահոսք է լինում, դատախազները ձգտում են փաստաբանական գործունեությամբ զբաղվել՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Մեր աշխատանքը իր գերծանրաբեռնվածությամբ, իր չնորմավորվածությամբ առողջություն է պահանջում, ժամանակ, ընտանիքի հանդուրժողականություն, ամեն մարդ չի կարողանում դա հաղթահարի, չէ՞: Էնպես որ, մեզ շատ մի նեղացրեք, թե չէ տնից էլ չեն թողի գանք»: Նա ասաց, որ հակառակն էլ է լինում, երբ փաստաբաններն են դիմում դատախազության համակարգ անցնելու համար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր Դատախազության աշխատողի օրն է եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ