«Բենզալցակայանների, գազալցակայանների հետ կապված միշտ չէ, որ նորմատիվները պահպանվել են»,- այսօր քաղաքաշինության կոմիտեում հրավիրած ասուլիսում ասաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը՝ նշելով, որ այս դաշտում էլ նորմատիվային փոփոխություններ են տեղի ունեցել եւ պահանջներն ավելի խստացվել են: Ըստ նրա, փորձագիտական հանձնաժողովի վերջին նիստում, մերժվել է երկու գազալցակայաններ կառուցելու նախագիծը՝ օրենքի նորմատիվներին չհամապատասխանելու պատճառով:
Պարոն Վերմիշյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ նորմատիվներին չհամապատասխանողները ապամոնտաժվելո՞ւ են, ի պատասխան կոմիտեի նախագահն ասաց,որ այդ հարցն իրենց գործառույթներից դուրս է:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ նորմատիվներով նախատեսված է, որ կառուցապատողները ինչ-որ կառուցում են հարմարեցված լինի նաեւ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց, սակայն այսօր մենք տեսնում ենք շենք-շինություններ, մայթեր, որոնք բոլորովին հարմար չեն նրանց եւ նաեւ մանկասայլակով տեղաշարժվողներին, այս առումով ի՞նչ նորմատիվներ են խստացնելու, որպեսզի կառուցապատողները օրենքն այլեւս չխախտեն, Վահագն Վերմիշյանը պատասխանեց, որ հանրապետության բոլոր համայնքները՝ սկսած՝ 30 հոգանոց համայնքներից, պետք է ունենան ավագանու կողմից կնքված եւ հաստատված կառուցապատման եւ հողօգտագործման կանոնակարգերը, թե ինչ թեքության վրա պետք է լինի տանիքը, պարիսպն ինչ բարձրության պետք է լինի, ինչ նյութից, տունը պարսպից որքան հեռավորության վրա պետք է լինի եւ այլն:
«Փաստաթղթում, մանրամասն, ամեն ինչ գրվելու է, դա ստանալու է օրենքի ուժ: Շատ պարզ խնդիր է, որ ամբողջ Եվրոպան պտտվեք, այդ կանոնակարգերի շնորհիվ է գեղեցիկ, լանդշաֆտի մեջ ներգրաված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ