ԱԺ պատգամավորների քվեարկությամբ այսօր իրավաբան Աննա Մարգարյանը, որն առաջադրվել էր «Իմ քայլի» կողմից, չընտրվեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, Աննա Մարգարյանի թեկնածության օգտին «կողմ» էր քվեարկել 66, իսկ «դեմ»՝ 19 պատգամավոր:
«Որոշումը չի ընդունվել»,-արձանագրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Aravot.am-ի հետ զրույցում հաշվիչ հանձնախմբի անդամ, ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը պարզաբանեց՝ որպեսզի ԲԴԽ անդամի թեկնածուն ընտրվեր, նրա օգտին պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-ը. «Այսինքն, 132 պատգամավորի պարագայում նա պետք է ստանար նվազագույնը 80 «կողմ» ձայն: Իսկ այս քվեարկությանը մասնակցեց 85 պատգամավոր, որոնցից 19-ը «դեմ» քվեարկեցին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ