Կառավարության՝ 0-18 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը բուժհիմնարկներում հավելյալ խնդիրներ չի առաջացնի: Այսօր «Հոդված 3» ակումբում այս մասին ասաց առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանը: Նա ասաց, որ նախկինում անվճար, այսինքն՝ պետպատվերով բուժսպասարկում էր տրամադրվում 0-7 տարեկաններին եւ 7-18 տարեկան սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին: Կառավարության այս որոշումը նախատեսված էր նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտով եւ նախատեսվում էր 2020 թվին սկսել. «Բայց կառավարության քաղաքական կամքի դրսեւորման արդյունքում այս տարի կսկենք»:
Հակոբյանը վստահեցրեց՝ 0-18 տարեկաններ շահառուներն՝ անկախ իրենց սոցիալական պատկանելիությունից կարող են օգտվել բոլոր տեսակի բուժծառայություններից, այդ թվում՝ դժվարամատչելի, նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սրտի համար նախատեսված բուժծառայություններից:
Անդրադառնալով բուժանձնակազմի ծանրաբեռնվածությանն, Հակոբյանն ասաց՝ այստեղ պարզապես վճարովի բուժսպասարկման բեռը պետությունը վերցնում է իր վրա, եւ բժիշկներն անհանգստանալու կարիք չունեն նաեւ աշխատավարձի հետ կապված, քանի որ մանկական ծառայության գները՝ մեկ դեպքի արժեքի դիմաց պետության փոխհատուցումը բավական բարձր է, շուկայում գները բարձր են:
Ասուլիսին ներկա «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանն էլ անհանգստություն հայտնեց՝ արդյոք այս որոշմամբ բուժհիմնարկներում հիվանդների մեծ հոսքի արդյունքում բուժծառայության որակի անկում չի լինի:
Հարցին ի պատասխան Հայաստան Հակոբյանը վստահեցրեց՝ նման խնդիր չի լինի: Նա նաեւ ասաց, որ այդ ամբողջ փաթեթի գները մրցունակ են, գները շուկայականին մոտ են. «Սուրբ Աստվածամայր կլինիկայում մանկական նյարդաբանական բաժանմունքը պետք է նորագույն տեխնիկայով համալրվի, եւ դա այս 12.3 միլիարդ դրամ ծրագրի շրջանակում է: Նախկինում անձը կարող է սոցիալական խմբում չլիներ, բայց նաեւ կարող է վճարունակ չէր, չէր կարողանում բուժօգնության այս կամ այն տեսակից օգտվել, հիմա կառավարության ծրագրով ծրագրի շահառուները կարող են օգտվել բոլոր տեսակի բուժօգնությունից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի