Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին լրագրողները հարցրեցին՝ դուք ասել եք, որ դատախազության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ են գործադրում՝ տեղեկատվական առումով, ի՞նչ նկատի ունեք, Քոչարյանի՞ կողմից են այդ ճնշումները, կբացե՞ք փակագծերը: Նա պատասխանեց. «Բոլորդ էլ տեսնում եք, երբ քրեադատավարական գործընթացներից դուրս փորձեր են արվում…ձեզ չպետք է ասեմ, դուք լավ գիտեք՝ ուղղորդվող տեղեկատվական հոսքեր, վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ամենատարբեր արտահայտություններ եւ այլն: Դրանք փորձեր են, որ որեւէ մեկը իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի: Ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն դա»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչի որոշումը բավարարե՞լ է դատախազությանը, որովհետեւ Քոչարյանն էլ նիստից հետո ասել էր՝ «ոչ օրենք կա, ոչ օրինականություն»: Արթուր Դավթյանը Քոչարյանի ասածներին անդրադառնալով՝ պատասխանեց. «Անկեղծ ասած, շատ քիչ ենք հանդիպել դատավարական այդպիսի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր ասում են՝ կեցցե՛ արդար դատավարությունը, մենակ հայտնի ֆիլմում է այդպես»:
Հարցին, թե ինչո՞ւ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ առանց պաշտպաններին լսելու՝ նա պատասխանեց. «Քրեադատավարական ամենաբարձր շահը արդարադատության շահն է, երբ որ դու քո կոնկրետ մասնավոր իրավունքները իրացնում ես այնպես, որ դրա արդյունքում վնասվում է արդարադատության շահը, չի կարող այդ գործընթացը դուրս գալ հունից»: Հարցրեցին՝ արդարադատության շահը կտուժեր, եթե Քոչարյանի գործը ձգձգվե՞ր, թե՞ եթե Քոչարյանի պաշտպաններին առանց լսելու դատավորը գնար խորհրդակցական սենյակ՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երբ որ պրոցեսները հունից դուրս գար, իրենք կարող է ոչ թե ձգձգման հանգեցնեին, այլ՝ արդարադատության իրականացման անհնարինության հանգեցնեին: Դատավորն, ուրեմն այդպիսին գնահատեց իրավիճակը»:
Քանի որ գործը նորից ուղարկել են նույն դատարան, Արթուր Դավթյանն ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ են հայտնել, դատավարական առաջին փուլում քննվելու է այդ հարցը, իրենք պնդելու են իրենց դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ