Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Շատ մանկապարտեզներ ընդամենը камера хранения-ներ են»

Հուլիս 01,2019 16:04

«Հայաստանում միշտ ընդունված է, որ բարեփոխումները պետք է արվեն վերեւից, ասենք, ԱԺ կամ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից, մինչդեռ աշխարհում կա մոդել, որ կոչվում է բարեփոխումներ մեջտեղից: Այս առումով, մեր ավագանիները, մարզպետարանների եւ քաղաքապետարանների կրթության վարչությունները շատ մեծ դեր կարող են խաղալ»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Երևանի ավագանու նախընտրական խոստումները՝ կրթական ոլորտում. մեկ տարվա հաշվետվություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա ձեւակերպմամբ, բավականին մեծ ինստիտուցիոնալ գիտելիք կա եւ քաղաքապետարաններում եւ մարզպետարաններում, որովհետեւ իրենք եւ լավ են ճանաչում դպրոցները, եւ առնչվում են նախարարության եւ ԱԺ-ի հետ:

«Երեւան քաղաքում, երբ արդեն ունենք ավելի որակյալ ավագանի, պետք է օգտագործել այդ հնարավորությունը: Որքան էլ լիազորությունների մեջ սահմանափակումներ կան, բայց գաղափարական առաջնորդության համար սահմանափակումներ չեն կարող լինել, կարող են շատ լուրջ հարցեր բարձրացվել, լոբինգ անել»,-ասաց Սերոբ Խաչատրյանը: Նաեւ հավելեց, որ շատ կուզենար՝ ավագանին վճարովի լիներ, բայց եւ ավելի պրոֆեսիոնալ եւ ակտիվ ներգրավվածություն ունենար:

«Այսօր ունենք մի վիճակ, որ դպրոցներն ու մանկապարտեզները միջամտություն են պահանջում: Դեռ չենք հասել այն մակարդակին, որ թողնենք դպրոցներն ու մանկապարտեզները ինքնուրույն լուծեն, քանի որ շատ անորոշություններ կան: Եթե իրավիճակային առաջնորդության տեսանկյունից նայենք, շատ կարեւոր է, որ ավագանին ավելի գաղափարական առաջնորդություն ցուցաբերի»,-ասաց կրթության փորձագետը եւ փաստեց, որ վերջին շրջանում ավագանին առաջվա նման ակտիվ չէ:

Կրթության փորձագետը մանկապարտեզների հարցին էլ անդրադարձավ. «Ուրախ եմ, որ շենքեր են վերադարձվում, երեխաների ընդգրկվածությունն ավելանում է, որովհետեւ սա Հայաստանի համար 1 ռազմավարական խնդիրներից մեկն է: Եթե մանկապարտեզները չզարգացնենք, ոչ մի այլ բան չենք կարող ունենալ: Ապացուցված է, որ նախադպրոցական տարիքի երեխայի վրա կատարված յուրաքանչյուր մեկ դոլարի ներդրումը տասնապատիկ հետ է գալիս: Ժամանակին մենք համակարգը հանձնեցինք համայնքներին,եւ նրանք մանկապարտեզների շենքերը ծախեցին, փակեցին, ընդգրկվածության խայտառակ ցուցանիշ ունեցանք: Լավ է, որ հիմա դրական ցուցանիշ կա:

«Իմ քայլի» դրական խոստումներից մեկն այն է, որ 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հասցնելու է 70 տոկոսի: Եթե անգամ ավելի արագ կատարվի այս խոստումը, միեւնույն է հարցը էլի չի փակվելու, որովհետեւ գալու է որակի խնդիրը: Ցավոք այսօր շատ մանկապարտեզներ ընդամենը камера хранения-ներ են, երեխաների անվտանգ պահպանման վայրեր: Պետք է նկատել նաեւ, որ Երեւան քաղաքում ծաղկում է մասնավոր սեկտորը, որը բեւեռացման դրսեւորում է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031