Այսօր Դատախազության աշխատողի օրն է ու լրագրողները ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանին հարցրեցին՝ հեղափոխությունից հետո դատախազության համակարգում փոփոխություններ նկատո՞ւմ է: Նա պատասխանեց. «Կարծում եմ, դրական առումով փոփոխություններ կան, բայց չմեկնաբանեմ»:
Մարտի 1-ի գործի հետ կապված Սասուն Խաչատրյանը հարցերին չպատասխանեց՝ ասելով. «Էսօր տոն է»: Հարցին՝ հաստատո՞ւմ եք, թե՞ հերքում եք, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ նա պատասխանեց. «Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ»:
Հարցին՝ շատ են խոսում ՀՔԾ-ն լուծարելու եւ այլ մարմին ստեղծելու մասին, ո՞րն է ձեր մոտեցումը՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը. «Այդ նախագիծը, որ կարդաք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դեռեւս դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ չկա, կապրենք՝ կտեսնենք»:
Հարցին՝ մամուլը գրում է, որ այդ նոր ստեղծելիք կառույցի պաշտոնը դուք չեք զբաղեցնի՝ Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Կոռեկտ չի, որ ես նման բաների մասին հիմա խոսեմ»:
Կարդացեք նաև
Սասուն Խաչատրյանը խոսեց նաեւ դատարանների շենքերը շրջափակելու մասին, լրագրողները հարցրեցին՝ եթե ՀՔԾ շենքը մի օր արգելափակեն, ի՞նչ կանեք: Նա պատասխանեց. «Բազմիցս քաղաքացիներ գալիս են….գիտեք ինչ, ՀՔԾ-ի գործունեությունը, իրավապահ մարմինների գործունեությունը առանձնանում է նրանով, որ շատ դեպքերում մի կողմը միշտ դժգոհ է մնում, մարդիկ գալիս են, քաղաքացիները խոչընդոտում են մուտքը քննիչների: Նման բաներ լինում են: Ես չեմ կարող ասել՝ դա նորմալ է, թե չէ, բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքն են արտահայտում, իրենց վերաբերմունքն են արտահայտում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է միայն այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատրելի է ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ