Երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքների հարցը վերջնականապես կլուծվի: Այսօր այս մասին հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսում: Պարոն Վերմիշյանի տվյալներով, այդ ընտանիքների թիվը 457-ն է, որոնց բնակարանային խնդիրը լուծելու համար կպահանջվի 3 միլիարդ դրամ: Այս գումարը կհատկացվի 2020 թվականին:
«Երբ ես եկա, կար արդեն վարչապետի հանձնարականը՝ աղետի գոտում տնակների հաշվարկման: Այդ աշխատանքը մեզնից շատ ուժ եւ եռանդ պահանջեց»,-ասաց Վահագն Վերմիշյանը՝ նշելով, որ աղետի գոտին ազատելու են տնակներից:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ աղետի գոտու անտուն բնակիչներին մոտ 13 կատեգորիաների են բաժանել:
«Մարդիկ կան, որ ապրում են այդ տնակներում, բայց ունեն սեփականություն: Այս գործընթացում մեր աշխատակիցների առջեւ դրել էի արդարության խնդիրը, մարդիկ ամենաշատը արդարությունից են բողոքում»,- ասաց Վահագն Վերմիշյանը: Ըստ նրա, կան ընտանիքներ, որոնք գյուղում կամ մեկ այլ տեղ առանձնատուն ունեն եւ տալիս են վարձով, իրենք էլ բնակվում են տնակում, ուստի նրանք չեն կարող հանդիսանալ ծրագրի շահառու կամ՝ երկու եղբայր, հարս-սկեսուր անհաշտ են եւ ընտանիքներից մեկը տնակում է ապրում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ տնակներում ապրողներից որոշ ընտանիքներ էլ պարզապես այդտեղ են հայտնվել ընտանիքն ընդլայնվելու հետեւանքով, քանի որ երկրաշարժից հետո ստացած բնակարանի մակերեսն այլեւս չի բավականացնում, վագոն-տնակներն ապամոնտաժելուց հետո այդ ընտանիքների ճակատագիրն ի՞նչ է լինելու, արդյոք կրկին սոցիալական խնդիր չի առաջանալու, կոմիտեի նախագահը պատասխանեց, որ այդ հարցերը նույնպես քննարկել են եւ սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեն՝ ինչպես եվրոպական մի շարք երկրներում:
Ինչ վերաբերում է աղետից տուժած բնակիչներին, որոնք բնակարանների շահառուներ են,ապա կոմիտեի ղեկավարն ասաց, որ բնակարանների տրամադրման ժամկետները, դեռեւս պարզ չեն, որովհետեւ հարցը քննարկման առարկա է. «Նախ պետք էր պարզել, թե ովքեր են շահառուները: Կառավարության որոշում՝ 2008 -2020ա թթ․ պետք էր 5936 ընտանիք տեղավորել բնակարաններում: 2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, եւ պետական բյուջեից դրա համար ծախսվել է 65 միլիարդ դրամ, 2018 թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, եւ ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ եւ 60 ընտանիք: Կառավարության նիստից հետո, վարչապետի հանձնարարականով, 2020 թվականին, որպեսզի մնացած 453 ընտանիքն ապահովի բնակարանով, մենք ստացել ենք 3 միլիարդ դրամ՝ ամբողջ գումարը: Վերջնականապես այդ հարցը կփակվի: 2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»,- ասաց նա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ