Դատախազության աշխատողի օրվա եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգեւատրումներ ստացան: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պարգեւատրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Քանի որ ԱԱԾ-ի վարույթում քննվող քրեական գործերի նկատմամբ վերահսկողությունը դատախազությունն է անում, այսինքն` դատախազությունը վերադաս մարմին է, ուստի հարց է առաջանում՝ այս պարգեւատրումը չի՞ կաշկանդի Արթուր Դավթյանին: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Արթուր Դավթյանն ասաց. «Դու հավատո՞ւմ ես: Էս անգամ, օգտվելով առիթից, ես ձեզ հարցնեմ՝ դու հավատում ես, որ դա կարող է կաշկանդո՞ղ լինի: Չկա եւ չի կարող այդպիսի բան լինել»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ նախկինում նման պրակտիկա եղե՞լ է, որ, ասենք, Կուտոյանը կամ Գորիկ Հակոբյանը պարգեւատրեն Աղվան Հովսեփյանին, Գեւորգ Կոստանյանին՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Չեմ ֆիքսվել դրա վրա, ինչքանով տեսել եմ՝ պարբերաբար այդպիսի պարգեւատրումներ եղել են, բայց դրանք երբեք կաշկանդող նշանակություն չեն ունեցել: Ուզում եմ մի բան իմանաք, ժողովո՛ւրդ, ես եմ պարգեւատրում, ԱԱԾ տնօրենն է պարգեւատրում, ով է պարգեւատրում՝ դա մեր տնից չենք բերում, դա մեր անձնական պարգեւը չի: Դա մեր պետության այս կառույցի անունից տրվող է, հետեւաբար չի կարող որեւէ պարգեւ ստացողի կաշկանդել պարգեւ տվողի անձը»:
Արթուր Դավթյանը խոսեց նաեւ դատարանների շենքերը շրջափակելուց, մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ