Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գորգիսյանն «Իմ քայլին» մեղադրում է բանակցություն տապալելու մեջ. «Դեմ ենք քվեարկելու ԲԴԽ անդամին»

Հուլիս 01,2019 15:25

«Ինչպես հայտնի է, ԼՀԿ-ն ցանկանում էր առաջադրել իր թեկնածուին, եւ բանակցություններ էին ընթանում մեծամասնության՝ «Իմ քայլի» հետ: Մենք մեծամասնության առաջին երկու թեկնածուներին վերապահումներով «կողմ» քվեարկեցինք՝ ստեղծելով գործընկերային մթնոլորտ, որպեսզի շարունակենք բանակցությունները եւ հասնենք դրական հանգրվանի»,-ԱԺ ամբիոնից այսօր «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու  առաջադրված իրավաբան Աննա Մարգարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Ցավոք, մեր երկու թեկնածուները մերժվել են մեծամասնության կողմից՝ որոշ դեպքերում թեթեւակի, մյուս դեպքում՝ առանց մեկնաբանության: Մենք հիմա խնդրի առաջ ենք: Հին ավանդույթներով՝ միայն մեծամասնությունը կարող է թեկնածուների առաջադրել: Այդ ավանդույթները շարունակվում են եւ խնդիր ստեղծում անկախ մարմինների համար, որոնցում, փաստորեն, այլեւս չեն ներկայացվում քաղաքական բազմազանությունը ներկայացնող անձինք»,-արձանագրեց Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով. «Այսպես խմբակցությունների կողմից անկախ մարմիններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է պատրանքային, որովհետեւ չի կարողանում կյանքի կոչվել: Ելնելով մեծամասնության այլ գործելաոճից եւ բանակցությունները տապալելու այս քայլերից՝ ԼՀԿ-ն «դեմ» է քվեարկելու»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ձեր թեկնածուի՝ օրենքով սահմանված փորձառությունը չի հերիքել: Մի քիչ անհասկանալի էր…»:

ԲՀԿ անունից էլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, Աննա Մարգարյանը, իրենց գնահատմամբ, բավարարում է ԲԴԽ անդամի թեկնածուի պահանջներին, բայց առաջադրման կարգը մրցակցային պետք է լինի. «Ցանկալի կլինի, որ այսուհետեւ աշխատենք օրենքի նախագծի վրա, որը թեկնածուի առաջադրման համար մրցույթ կսահմանի: Հանրությունը եւս պետք է գնահատի թեկնածուին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031